Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են ուժեղացնել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

«Սպիտակ տան համաձայնագիր գերբանականության ոլորտում համատեղ պարտավորությունների մասին՝ կապված առաջատար գերբանականության պատասխանատվությունների հետ» կոչվող համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։

Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

Ջոնսոնի խոսքով՝ փաստաթուղթն արհեստական բանականություն մշակողների համար սահմանում է մի շարք կամավոր պարտավորություններ։

Թրամփը համաձայնագիրը որակել է որպես «գրեթե սահմանադրություն» և «բարոյապես պարտավորեցնող» փաստաթուղթ՝ նշելով, որ այն ներառում է ոլորտի համար «ինքնակարգավորման ասպեկտ»։ Նա հավելել է, որ նաև դիտարկվում է հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կարող է «վերահսկել ամբողջ կառույցը»։

Ցուկերբերգն իր հերթին նշել է, որ համաձայնագրի հիմնական գաղափարն է վստահություն ներշնչել ամերիկացիներին և իրենց հաճախորդներին, որ «տեխնոլոգիան գործում է այնպես, ինչպես մենք նախատեսել ենք»։ Համաձայնագրի շրջանակում, ըստ Meta-ի ղեկավարի, ընկերությունները պարտավորվում են ստեղծել ներքին վերահսկողության և խախտումների հայտնաբերման հուսալի համակարգեր։ Դրան զուգահեռ նախատեսվում է նաև աուդիտի իրականացում՝ մի քանի մակարդակով։

Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱԲ ոլորտի համար լարված ժամանակաշրջանում. վերջին ամիսներին ոլորտը քննադատության է ենթարկվում ԱԲ մի շարք ընկերությունների գործակալների կողմից այլ ընկերությունների վրա հաքերային հարձակումների պատճառով: Մասնագետները նաև ավելի ու ավելի հաճախ են մտահոգություններ հայտնում մարդկության համար տեխնոլոգիայի հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ