«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների. Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր
4 րոպեի ընթերցում
Գիտությունը մեկ շաբաթով դուրս եկավ լաբորատորիաների ու լսարանների սահմաններից՝ դառնալով հազարավոր երեխաների, պատանիների և մեծահասակների համար բացահայտումների, փորձարկումների ու նոր գաղափարների հարթակ։ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» խորագրով «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր։
Գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված ապակենտրոնացված միջոցառումներն անցկացվել են ողջ երկրում, իսկ փառատոնային օրերը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ERNA փառատոնի շրջանակում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն լսելու գիտության մասին, այլև սեփական փորձով բացահայտելու այն՝ գիտափորձերի, խաղերի, ինտերակտիվ տաղավարների, կինոդիտումների և նորարարական նախաձեռնությունների միջոցով։
«Team-ը, ստեղծման առաջին օրվանից սահմանելով իր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել է նպաստել մեր երկրում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ գիտությունը և տեխնոլոգիաները հասանելի կլինեն հասարակության լայն հատվածներին։ «Գիտության շաբաթը» կարևոր նախաձեռնություն է նաև նրանով, որ գիտությունը դուրս է բերում մասնագիտական և ակադեմիական միջավայրից, այն դարձնում է ավելի արկածային, հետաքրքիր և հասանելի երեխաների և պատանիների համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
«Շատ կարևոր է գիտության հանդեպ հետաքրքրությունը հենց մանկուց մեծացնելը, պահպանելն ու այնպես անելը, որ ավելի շատ մարդ հետաքրքրվի, զբաղվի գիտությամբ, ճարտարագիտությամբ, բարձրորակ մասնագետ դառնա և կարողանա բարդ խնդիրներ լուծել, որոնք իրենց հերթին էլ կզորացնեն Հայաստանը»,-նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը:
Այս տարվա «Գիտության շաբաթվա» մասշտաբն արտահայտվում է նաև մասնակցության ցուցանիշներով։ Կրթական աշխատանքային գրքույկները ներբեռնել են ավելի քան 400 դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաև ավելի քան 200 անհատներ։ Գիտահեն առցանց խաղերը հինգ օրերի ընթացքում խաղացվել են մի քանի հարյուր անգամ, իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթին ներկայացվել է ավելի քան 50 աշխատանք։
Team-ը փառատոնային օրերին ներկայացել է ինտերակտիվ տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով խաղալու, լուսանկարվելու և զգալու տիեզերական արագությունը:
Team Telecom Armenia-ն շարունակում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանում գիտական և տեխնոլոգիական մտածողության զարգացմանը:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։