Արգենտինան Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանումը Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում

3 րոպեի ընթերցում

Արգենտինայի կառավարությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանման նախագիծը վիճելի  Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների մերձակայքում և սպառնացել է հակառակ դեպքում դիմել Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Արգենտինայի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից պաշտոնապես պահանջել է երկշաբաթյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու Արգենտինայի մայրցամաքային ծանծաղուտում ածխաջրածնային պաշարների արդյունահանմանն ուղղված գործունեության սկիզբը կամ շարունակումը։ Միացյալ Թագավորության կողմից այս պահանջը սահմանված ժամկետում  չկատարելու դեպքում Արգենտինայի Հանրապետությունը կդիմի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ՝ ժամանակավոր միջոցների ձեռնարկման խնդրանքով, որոնք անհրաժեշտ են  մայրցամաքային ծանծաղուտի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքների պաշտպանության համար», - ասված է տեքստում։

Միլեյը սեպտեմբերի կեսերին խորհրդարան է ներկայացրել օրինագիծ այն ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին, որոնք նավթ են արդյունահանում վիճելի կղզիների մերձակայքում։ Դրա համար առիթ է ծառայել «Ծովառյուծ» նավթահանքի գործարկումը Մեծ Բրիտանիայի Rockhopper Exploration և Իսրայելի Navitas Petroleum ընկերությունների կողմից։ Ավելի ուշ Արգենտինայի կառավարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանում 60 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք մասնակցում են վիճելի տարածքում ածխաջրածինների արդյունահանմանը:

Ֆոլկլենդյան կղզիները բաղկացած են երկու խոշոր և գրեթե 800 մանր կղզիներից՝ 12 000 քառակուսի կիլոմետրից փոքր-ինչ ավելի ընդհանուր տարածքով և շուրջ 3200 բնակչությամբ։ Արդեն 200 տարի է՝ դրանք տարածքային վեճի առարկա են Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։

1982 թվականի ապրիլին երկրների միջև բռնկվեց զինված հակամարտություն: Հարավամերիկյան հանրապետությունը պարտություն կրեց՝ մարտական գործողությունների երկուսուկես ամսվա ընթացքում կորցնելով 649 զինծառայողի։ Բրիտանական կողմի կորուստները կազմեցին 255 մարդ։

2013 թվականի հանրաքվեում կղզիների բնակիչները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են բրիտանական անդրծովյան տարածք մնալու օգտին. բնակիչների 99,8%-ը կողմ է քվեարկել, ընդամենը երեքը՝ դեմ։

Հայերեն Русский

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար

Պենտագոնի ղեկավարը հանձնարարել է պաշտպանել Կոնգրեսի ընտրություններն օտարերկրյա սպառնալիքներից

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացան ցորենի ցանքերի դիմաց տրված պետական աջակցությունից օգտվել է 1385 շահառու

Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները դադարեցված են

ՖԻԴԵ-ի նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլի բացմանը

ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Արևելագիտության ինստիտուտը՝ Հայաստան-արաբական երկրներ և Հայաստան-սփյուռք գիտական հարաբերությունների կամուրջ

Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը հաղթել է միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանակարգում

Մհեր Գրիգորյանն ու Ֆլորիան Էսկյուդիեին քննարկել են Հայաստան–Ֆրանսիա առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

Փաշինյանն ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները