Նորընտիր իշխանությունները ժողովրդից հստակ մանդատ են ստացել․ Կոնջորյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ՀՀ-ում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցին՝ առանձնացնելով նորընտիր իշխանություններին տրված հստակ մանդատի մասին եզրակացությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ, ըստ զեկույցի, ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական նշանակալի վերադասավորումների պայմաններում։
«Ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև»,– գրել է Կոնջորյանը՝ ներկայացնելով զեկույցի գնահատականը։
Նրա խոսքով՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ մթնոլորտում, իսկ դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկության ընթացքը դրական է գնահատվել։ Կոնջորյանն առանձնացրել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովներում կանանց լավ ներկայացվածությունը։
«Ընտրություններն ուղեկցված էին Հայաստանի հանդեպ արտաքին միջամտությամբ, որի մասշտաբները դիտորդները բնորոշել են որպես «աննախադեպ և մտահոգիչ»»,– նշել է նա։
Կոնջորյանն անդրադարձել է զեկույցում հիշատակված տնտեսական սահմանափակումներին, դիվանագիտական կոշտ հռետորաբանությանը, ինչպես նաև առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով ճնշմանը, որի նպատակը, ըստ դիտորդների, ընտրողների վրա հօգուտ ընդդիմադիր ուժերի ազդելն էր։
Զեկույցի գնահատմամբ՝ օտարերկրյա միջամտությունն ու արտաքին տեղեկատվական գործողությունները հասել էին աննախադեպ մասշտաբների՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում:
«Ըստ զեկույցի, ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։
ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»,- գրել է Կոնջորյանը։