3 րոպեի ընթերցում
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տիկնոջ հետ պետական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Մերիլենդի Էնդրյուս ռազմական օդանավակայանում նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկին Մելանյա Թրամփը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան CNN-ը, սա Սի Ծինփինի առաջին այցն է Վաշինգտոն 2015 թվականից ի վեր։
Դիմավորման արարողության ժամանակ առաջնորդներն ու նրանց կանայք ձեռք են սեղմել, մի քանի րոպե զրուցել և լուսանկարվել։
Reuters-ը հաղորդում է, որ սա վերջին 11 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը օտարերկրյա առաջնորդի դիմավորում է Էնդրյուս ռազմակայանում։ Նախորդ նման ընդունելությունը տեղի էր ունեցել 2015 թվականին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ժամանակ՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։
Այցի կապակցությամբ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահություն հայտնելով, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները՝ որպես խոշոր պետություններ, կարող են նոր դարաշրջանում գտնել միմյանց հետ հարաբերությունների ճիշտ ձևը։ «Այս տարին վճռորոշ տարի է Չինաստանի և Միացյալ Նահանգների զարգացման համար», - Xinhua-ի փոխանցմամբ, ասել է Սի Ծինփինը ԱՄՆ պետական այցի շրջանակում ժամանելուց հետո հրապարակված գրավոր ելույթում։
«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է գործընկերներ լինեն, ոչ թե մրցակիցներ», -նշել է նա։
Սի Ծինփինը նշել է, որ իր և Թրամփի՝ մայիսին Չինաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը նրանք պայմանավորվել են կառուցել ռազմավարական կայունության վրա հիմնված չին-ամերիկյան հարաբերություններ։ «Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է շարժվեն նույն ուղղությամբ և խթանեն կայուն հարաբերություններ, որոնց հիմքում կլինեն համագործակցությունը, չափավոր մրցակցությունը, կառավարելի տարաձայնություններն ու խաղաղության պահպանման հանձնառությունը», - ասել է Սի Ծինփինը։
Այցի ընթացքում նախատեսված են տարբեր հանդիսավոր միջոցառումներ, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ պետական ընթրիք, հատուկ ռազմական արարողություն Սպիտակ տանը և այց Ազգային արխիվ, որտեղ պահվում են ԱՄՆ Անկախության հռչակագրի և Սահմանադրության բնօրինակները։
Սեպտեմբերի 24-ին նախատեսված պետական ընթրիքին ակնկալվում է, որ կմասնակցեն երկու երկրների խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Apple-ի Թիմ Քուքը, Nvidia-ի Ջենսեն Հուանգը և OpenAI-ի Սեմ Ալթմանը։
Հանդիպման ավարտին համատեղ մամուլի ասուլիսի փոխարեն, ակնկալվում է, որ երկու երկրները առանձին հայտարարություններ կտարածեն՝ ընդգծելով այն ուղերձները, որոնք ցանկանում են փոխանցել իրենց ներքին լսարաններին։
Ակնկալվում է, որ Թրամփի և Սիի ևս մեկ հանդիպում տեղի կունենա այս տարի՝ հնարավոր է նոյեմբերին Չինաստանում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) գագաթնաժողովի կամ դեկտեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք «Մեծ քսանյակի» (G20) հանդիպման շրջանակում։