ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել ԱԲ նախարարություն ստեղծելու շուրջ
1 րոպեի ընթերցում

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը և Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգ Քասարը սեպտեմբերի 23-ին կներկայացնեն մի օրինագիծ, որը կոչված է կանոնակարգելու արհեստական բանականության վրա հետագա աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը:
Նշվում է, որ փաստաթուղթը ենթադրում է Արհեստական բանականության նախարարության ստեղծում, ինչպես նաև «արհեստական գերբանականության» ստեղծման արգելք։
«Հանճար լինելու կարիք չկա՝ ասելու համար. «Դանդաղեցրեք»։ Արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք մշակել գերբանականություն, որը, մարդկանցից ավելի խելացի դառնալով, կկարողանա գործել մարդկային վերահսկողությունից անկախ», - AP-ին տված հարցազրույցում ասել է Սանդերսը։
Փաստաթուղթը նաև պարտադրում է «դադարեցնել արհեստական բանականության առավել կատարյալ համակարգերի մշակումը մինչև նոր գերատեսչությունը՝ Արհեստական բանականության նախարարությունը, սահմանի անվտանգության ապահովման դաշնային մակարդակով կանոններ»։
AP-ն նշում է, որ արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ պաշտպանել են այս նախաձեռնությունը։