Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան
2 րոպեի ընթերցում
Տարածաշրջանային ուղիների և ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում՝ Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ներկայում մենք կենտրոնացած ենք ԹՐԻՓՓ ուղի նախագծի իրականացման ուղղությամբ: Այդ ծրագրի իրականացման արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային կապակցվածությունը: 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է և ԹՐԻՓՓ ուղին նոր դարաշրջան կբացի մեր երկրի, մեր տնտեսության համար, քանի որ առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ: Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում նաև երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ նախագծի իրականացման արդյունքում կփոխվի միջազգային լոգիստիկան, քանի որ միջազգային հանրությունը նոր ուղի կստանա արևելքի և արևմուտքի միջև:
«Որպես արդյունք, որն ուղղակիորեն կապված չէ ԹՐԻՓՓ հետ, նաև կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ Հայաստանի կառավարությունը ստեղծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այս ամենի հետ միասին դառնում է իրականություն:
Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում նշել էր, որ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: