Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

4 րոպեի ընթերցում

«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին՝ Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարաններից բերված ավելի քան 50 նմուշներ՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ առաջին անգամ են եվրոպական թանգարաններից այդ քանակի նմուշներ բերվում Հայաստան։ «Ցուցահանդեսում ներառվել են նմուշներ, որոնք մեզ են հասել Հին Միջագետքի քաղաքակրթությունից, Եգիպտոսից, Իրանից, Հին Հունաստանից, որոնք մեզ կտեղափոխեն տարբեր աշխարհներ, տարբեր ժամանակներ և հնարավորություն կտան գտնել հուզող հարցերի պատասխանները»,-նշեց տնօրենը։

Նախապատմության և վաղ պատմության թանգարանի գլխավոր համադրող Մանֆրեդ Նավրոթը, որը ներկա էր բացմանը, տեղեկացրեց, որ առաջին անգամ 15 տարի առաջ է եղել Հայաստանում, մասնակցել է վարպետության դասերի, հաղորդակցվել տեղի գործընկերների հետ։ 

Նա տեղեկացրեց, որ չի բացառվում, որ համագործակցության շրջանակում ցուցադրություն կազմակերպվի Բեռլինում և հնարավոր է՝ երկրորդ ցուցադրությունը՝ Երևանում։

«Մտածում էինք ցուցադրություններ իրականացնել Հռոմում, Նյու Յորքում, բայց ես ասացի, որ անհրաժեշտ է նախաձեռնել Երևանում, քանի որ մենք ունենք արդյունավետ համագործակցություն։ Բոլորս գիտենք, որ Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն ունի և փորձեցինք այդ ժառանգությունը կապել Բեռլինի թանգարանային կղզու նմուշների հետ, որոնք գալիս են ամբողջ աշխարհից։ Մեր նպատակն է ցույց տալ այդ մշակութային երկխոսությունը»,-շեշտեց Մանֆրեդ Նավրոթը։

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների փոխգործակցության նշանակալի հարթակ։

Բեռլինի թանգարանային կղզու արժեքավոր նմուշներն ունեն ժամանակային լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Ներկայացված են նաև Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Հայաստանից, Բյուզանդիայից, Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։

Ցուցադրության առանցքային նմուշներից է Քրիստոսից առաջ 12-11-րդ դարերով թվագրվող վաղ երկաթի դարաշրջանի Արեգակնային համակարգի բրոնզե մոդելը, որի բեռլինյան նմուշն առաջին անգամ է ներկայացվում։ 

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանային կզղու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ։ 

Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչև 2027 թվականի մարտի 21-ը։

 

 

Հայերեն Русский

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները