Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա
2 րոպեի ընթերցում
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մասնավորապես՝ հայկական ապրանքները չինական շուկայում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով ՀՀ Ազգային ժողովի հաղորդագրությունը, այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Չինաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։ Մենք ունենք տպավորիչ ցուցանիշներ երկկողմ առևտրի տեսանկյունից, սակայն մեծ ներուժ կա զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, մասնավորապես՝ հայկական ապրանքատեսակները Չինաստանում ավելի լայնորեն ներկայացնելու տեսանկյունից»,- ասել է Խանդանյանը։
Նա նշել է, որ 2025 թվականին ռազմավարական գործընկերության հաստատումից հետո հայ-չինական հարաբերությունները նոր շունչ են ստացել՝ հնարավորություն ստեղծելով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու համար։
Լոու Ցինծյանը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու համար և ընդգծել, որ Չինաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորություններ են բացվում։
Կողմերը քննարկել են նաև տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և իրավական ոլորտներում փոխգործակցության խորացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, որը, ըստ հայ խորհրդարանականների, զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի համար։