Թուրքիա

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

3 րոպեի ընթերցում

None
None

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը և ուժեղացնել կառույցի Գլխավոր ասամբլեայի դերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանն այս առաջարկները ներկայացրել է Bloomberg-ի համար հեղինակած հոդվածում։

 Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը շարունակում է արտացոլել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և այլևս ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։

Էրդողանը նշել է, որ համավարակները, էներգետիկ ճգնաժամերը, մատակարարման շղթաների խաթարումները և տարածաշրջանային հակամարտությունները ցույց են տվել, որ համաշխարհային խնդիրների լուծումը մի քանի պետությունների որոշումներից կախված դարձնելը չի համապատասխանում ներկայիս միջազգային համակարգի պահանջներին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի բարեփոխումների առանցքում պետք է լինի վետոյի իրավունքի վերացումը։ Էրդողանը պնդել է, որ Անվտանգության խորհրդում նոր մշտական անդամների ավելացումը չի լուծի որոշումների ընդունման իրավասությունները սահմանափակ թվով պետությունների ձեռքում կենտրոնացնելու խնդիրը։

Թուրքիայի նախագահն առաջարկել է ձևավորել Անվտանգության խորհուրդ, որը մշտական անդամներ չի ունենա։

Նրա առաջարկի համաձայն՝ խորհրդի անդամները որոշակի ժամկետով պետք է ընտրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ կրկին ընտրվել ցանկացող պետությունները պետք է վերստին ստանան անդամ երկրների մեծամասնության աջակցությունը։

Էրդողանը նաև հանդես է եկել Գլխավոր ասամբլեայի լիազորությունների ընդլայնման և Անվտանգության խորհրդի՝ դրա առջև հաշվետվողականության բարձրացման օգտին։

«Մենք չենք կարող կառուցել ապագայի միջազգային կարգը՝ պահպանելով անցյալի հիերարխիաները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությանը՝ նշելով Ասիայի տնտեսական կշռի աճը, Աֆրիկայի՝ ավելի լայն ներկայացվածության պահանջը և զարգացող երկրների դերի մեծացումը։

Նրա խոսքով՝ զարգացող երկրների զարգացման իրավունքը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիությունը պետք է երաշխավորված լինեն։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել վետոյի իրավունքի վերացմանը, Անվտանգության խորհրդի ընտրվող անդամների դերի մեծացմանը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիրքերի ամրապնդմանը։

Էրդողանի խոսքով՝ «ավելի արդար աշխարհ» ստեղծելու համար անհրաժեշտ է տարբեր տարածաշրջանների փորձը, ներուժն ու քաղաքական կամքը միավորել ընդհանուր հարթակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում