ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը
4 րոպեի ընթերցում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, տնօրենի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, օպերատիվ-մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներ և ծառայողներ, վետերաններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ-ից, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Անդրանիկ Սիմոնյանը, ողջունելով հանդիսավոր տողանի շարված զինծառայողներին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը նրանց բերած անձնվեր ծառայության, առաջադրված խնդիրների գերազանց կատարողականության, մասնագիտական գործառույթները հմտորեն և արհեստավարժ իրականացնելու, և հատկապես պատվախնդիր վարքագիծ դրսևորելու համար:
Անդրադառնալով երեք տասնամյակների ընթացքում ստորաբաժանման անձնակազմի կողմից անցած բարդ ուղուն, տարբեր մարտահրավերներ և հատուկ առաջադրանքներ հաղթահարած ստորաբաժանման պատմությանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը նշել է, որ օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմում ծառայելը ինչպես միշտ պատվաբեր է, իսկ մասնագիտական բարձր պատրաստվածությունից զատ պահանջում է նաև խիզախություն, խիստ կարգապահություն, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ֆիզիկական և հոգեբանական հատուկ ունակություններ, կամային բարձր որակներ և արհեստավարժություն:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենը բարձր է գնահատել տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական հարուստ փորձը զարգացնելուն, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված ստորաբաժանման ջանքերը, կարևորել է ժամանակակից սպառազինության և տեխնիկական միջոցների ձեռք բերման և կիրառության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հատկապես ընդգծելով Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը՝ Ազգային անվտանգության ծառայության տեխնիկական հագեցվածության լիարժեք ապահովման ուղղությամբ: Միաժամանակ, շեշտադրել է սպառազինության և տեխնիկական միջոցների նպատակային կիրառման, առաջադրված խնդիրների անթերի և անվտանգ լուծման կարևորությունը:
Ձեռքբերումներից զատ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ընդգծվել է նաև հնարավոր բացթողումների և թերացումների շտկման ուղղությամբ մշտապես և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, այսօրեական խնդիրների ճիշտ և ժամանակին հասցեագրումը՝ նշելով, որ պատճառահետևանքային կապերի վերլուծությունը կծառայի վաղվա նպատակների արդյունավետ լուծումներին, հավանական բացասական երևույթները բացառելուն:
Միջոցառման ընթացքում օպերատիվ-մարտական ստորաբաժանման ծառայողները ֆիզիկական հմտությունների, հոգեբանական ներգործության մեթոդների, հատուկ տեխնիկայի ու միջոցների կիրառմամբ ներկայացրել են ենթադրյալ ահաբեկիչներին վնասազերծելու, պատանդներին ազատելու, զինված հանցագործներին ձերբակալելու մարտավարական վարժանքներ:
Հանդիսավոր միջոցառման ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օպերատիվ մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներին, վետերաններին և մի շարք սպաների և զինծառայողների պարգևատրել է գերատեսչական պարգևներով, այդ թվում՝ օպերատիվ-մարտական ստորաբաժանման 30-ամյակին նվիրված հուշամեդալով: