Կրեմլից հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու ջանքերը
2 րոպեի ընթերցում
Մոսկվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը համարում է «ոչ բարեկամական գործողություն» և ուշադրությամբ հետևում է դրա հետ կապված զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրման դեպքում այդ պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման ջանքերը:
«Իհարկե, ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ պատժամիջոցների սահմանումն, անկասկած, կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ջանքերը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերի 16-ին Կոնգրեսի ստորին պալատը 262 կողմ, 159 դեմ ձայնով հաստատել էր Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը և փաստաթուղթն ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։
Օրինագիծն ԱՄՆ նախագահին լիազորում է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից էներգակիրներ գնող երկրների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի: Փաստաթուղթը նաև նախատեսում է պատժամիջոցներ ՌԴ նախագահի, նրա մերձավոր շրջապատի, բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ձեռնարկությունների, ռուսական բանկերի, էներգետիկ և պաշտպանական ընկերությունների ու «ստվերային նավատորմի» նկատմամբ։
Օրինագծում ներառվել է նաև Իրանի դեմ պատժամիջոցները մինչև 2031 թվականը երկարաձգող դրույթ։
Փաստաթուղթը Սենատի կողմից հաստատվել էր օգոստոսին։