Մանկապարտեզի նորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացիա. գործադիրը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար
2 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց երկրի 7 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում:
«Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների թվով 25 ծրագիր, որից 3-ը՝ Արագածոտնի մարզում, 2-ը՝ Արարատի, 9՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերով կվերակառուցվեն մանկապարտեզներ, մի շարք բնակավայրերում կլուծվի խմելու ջրի, գազիֆիկացիայի հարցը, կասֆալտապատվեն նաև տասնյակ կիլոմետր ճանապարհներ: Վարչապետի խոսքով՝ այս ներդրումները նաև մասնավոր ներդրումներն են խթանում, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում:
«Այն գյուղերում, որտեղ տասնյակ տարիներով ճանապարհներ չեն եղել, երբ նույնիսկ արդեն տեղեկատվությունը գնում է այս ձևաչափով, որ կառավարությունը մրցույթ է հայտարարել, և մրցույթը հաղթող ունի, այստեղ արդեն սկսվում է հյուրատների կառուցում, այլ մասնավոր նախագծերի իրականացում»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա մասնավոր հատված-պետություն հեռակա գործակցության ձևաչափ է, ինչը բավական արդյունավետ է: