Միացյալ Նահանգներ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

2 րոպեի ընթերցում

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարն, ընդհանուր առմամբ, լավն է, և Մոսկվան սատարում է այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տեսել ենք նախագահ Թրամփի գրառումը էներգետիկ հրադադարի վերաբերյալ։ Մենք, անշուշտ, այն ընդհանուր առմամբ շատ լավ գաղափար ենք համարում։ Դա լավ նախաձեռնություն է», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պեսկովի խոսքով՝ եթե նման հրադադար լիներ, ապա Ռուսաստանը լիովին կհագեցներ երկրի ներքին շուկան՝ հաշվի առնելով, որ նավթավերամշակման գործարանները կաշխատեին առանց որևէ սպառնալիքի։

«Սակայն մենք արդեն իսկ կարողացել ենք կայունացնել շուկան, և այն մոտ է լիարժեք հագեցվածությանը», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովն ընդգծել է, որ համաշխարհային շուկաների համար հիմնական խնդիրը ոչ թե նավթավերամշակման գործարանների աշխատանքի անվտանգությունն է, այլ արտահանման սահմանափակումները։

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Նա դիզելային վառելիքի գների համաշխարհային աճը մեծ մասամբ վերագրել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին, այլ ոչ թե Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, սակայն որոշ պայմաններ է առաջադրել դրա համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում