Իրան

Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ

Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ, և միջուկային զսպման վերաբերյալ քննարկումներն արտասովոր քայլեր չեն՝ հաշվի առնելով երկրի միջուկային օբյեկտների դեմ ուղղված բազմակի հարձակումներն ու դիվերսիոն գործողությունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այս մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա հերքել է պնդումները, որ Թեհրանը փոխել է իր միջուկային դոկտրինը կամ քննարկում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։

Բաղային հավելել է, որ Իրանի միջուկային օբյեկտները տասնյակ դիվերսիաների են ենթարկվել, չնայած գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ, մինչդեռ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ խոսնակը նշել է, որ հարցը վերաբերում է նեղուցի ափամերձ երկու պետություններին՝ Իրանին և Օմանին՝ հավելելով, որ ջրային ուղու ներկայիս անկայուն վիճակն ԱՄՆ-ի գործողությունների հետևանք է։

Բաղային նաև անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները շատ ավելի հեռու են գնում, քան պարզապես Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրություններ փոխանցելը։ Նա երկու հարևան երկրները բնութագրել է որպես գործընկերներ՝ լայն ընդհանուր շահերով և կանոնավոր դիվանագիտական ​​կապերով։

Բաղային նաև ողջունել է Չինաստանի սկզբունքային և պատասխանատու դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում՝ շեշտելով, որ Պեկինը կառուցողական դեր է խաղացել կայունության ամրապնդման գործում։

Դիվանագետի խոսքով՝ Հնդկաստանում անցկացված BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումն Աբու Դաբիի թագաժառանգ Խալեդ բին Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ կազմակերպվել է ԱՄԷ-ի խնդրանքով: Նա հավելել է, որ Իրանն ընդունել է հանդիպման առաջարկը՝ որպես վստահության և տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իր քաղաքականության մաս։ Բաղային նշել է, որ առաջնահերթություն է տրվել երկկողմ հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում