2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։ Մխիթարյանը խմբակցության՝ այս պաշտոնի համար առաջադրված երրորդ թեկնածուն է։
Թեկնածուի կենսագրությունը Ազգային ժողովի նիստում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Ռուբեն Մխիթարյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Գյումրիում։
2014 թվականին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում, իսկ 2016 թվականին՝ նույն համալսարանի միջազգային և եվրոպական գործարար իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրան։ Միջազգային իրավունքի մագիստրոս է։
2018 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը, իսկ 2021 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2013-2017 թվականներին Մխիթարյանն աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի իրավաբանական վարչությունում՝ սկզբում որպես առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։ 2017-2025 թվականներին եղել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի իրավաբանական վարչության դատական և սնանկության վարույթների բաժնի ղեկավար։
2018 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։
2025 թվականին Մխիթարյանը՝ որպես դատավորի թեկնածու, սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։