Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը
1 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սոբհանիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Հանգամանալից զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության հետևողական ամրապնդմանը», - ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրությունը հրավիրվել է երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների գործունեությանը՝ փոխադարձ հիմունքներով նրանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։