Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

8 րոպեի ընթերցում

ՇՀայ անվանի քաղաքական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան։

Արման Կիրակոսյանն այն նվիրյալներից է, ով միշտ առաջնորդվել է պետականամետության գաղափարներով, հենց սկզբից լծվել է նորանկախ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ձևավորման աշխատանքներին, զգալի ու անգնահատելի ներդրում է ունեցել հայկական դիվանագիտության հետագա զարգացման գործում։

Ակնհայտ է, որ դիվանագիտության հանդեպ սերը Կիրակոսյանների ընտանիքում ունի գենետիկական հենք։ Նրա հայրը՝ վաստակաշատ քաղաքական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանը, 1975-85 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարարը և հայտնի է նաև իր ֆունդամենտալ ուսումնասիրություններով՝ նվիրված հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցին և Հայոց Ցեղասպանությանը։ Դիվանագիտության ասպարեզում նրա ձևավորված ավանդույթների շարունակողներից մեկն էլ, ի թիվս շատերի, հետագայում դարձավ որդին՝ Արման Կիրակոսյանը։

Վերջինիս հարազատներն ու գործընկերները ջերմությամբ են հիշում վաստակաշատ դիվանագետին՝ գնահատելով նրա անցած արգասաբեր ուղին։

Նրա որդին՝ ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակից Արամ Կիրակոսյանը նշեց, որ հայրը բնույթով բավականին հետաքրքիր անձնավորություն էր, բնավորությամբ հանդարտ ու նպատակասլաց, սիրում էր լսել մարդկանց և միշտ հիմնավորված ներկայացնում իր տեսակետները տարաբնույթ հարցերի վերաբերյալ։

«Հայրս շատ էր կապված դիվանագիտությանը, պապիկիս՝ Ջոն Կիրակոսյանի աշխատանքը շարունակողն էր ու նրա գաղափարների ջատագովը, և պատահական չէ, որ ընտրեց նշված բնագավառը։ Հիշում եմ, նա միշտ տանը մեղմ երաժշտության հնչյունների ներքո կլանված էր ուսումնասիրություններով։ Միասին շատ ենք հաճախել գրադարաններ։ Որտեղ էլ անցներ դիվանագիտական ծառայության, մեծ հաճույք էր ստանում իր կատարած աշխատանքից։ ՀՀ ԱԳ նախարարության ձևավորման հենց սկզբից մինչև կյանքի ավարտը նրա մեջ հաստատուն մնաց սերը պետականամետության հանդեպ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց անվանի դիվանագետի որդին։  

Արամ Կիրակոսյանը թեև ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, բայց հետագայում մասնագիտական առումով նախապատվությունը տվել է տնտեսագիտությանը։  

«Իմ նախասիրությունների մեջ է նաև դիվանագիտությունը։ Մեր արտաքին գերատեսչությունն այժմ կոչվում է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, ուստի բացառված չէ, որ հետագայում համադրեմ տնտեսագիտությունն ու դիվանագիտությունը, որոնք իրարից հեռու չեն, նույնիսկ կարող են փոխլրացնել միմյանց»,- ասաց Արամ Կիրակոսյանը։

ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն իր հերթին նշեց, որ Արման Կիրակոսյանը նախևառաջ ակադեմիական աշխարհի հայտնի ներկայացուցիչներից էր, և նրա թողած գիտական ժառանգության ու աշխատությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նա հայ դիվանագիտության պատմության մեջ ունեցել է անգնահատելի անվանդ և շատ խոշոր ներդրում։

«Ինձ բախտ է վիճակվել անմիջականորեն աշխատել Արման Կիրակոսյանի հետ, ով ներկայացնում էր մի ընտանիք և դինաստիա, որն իսկապես խորությամբ կապված է Հայաստանի պետականության հետ։ Նա դաստիարակվել է հենց այդ պետականամետության ոգով; Իմ սերնդակիցների համար Արման Կիրակոսյանը ոչ միայն ուսուցիչ էր, այլև ավագ ընկեր, խորհրդատու։ Ես անձամբ շատ դասեր եմ քաղել նրա ուսումնասիրություններից, այսօր էլ պարբերաբար ընթերցում եմ Արման Կիրակոսյանի աշխատությունները, և նրանից ստացված գիտելիքներն ու փորձն ինձ մեծապես օգնում են ամենօրյա աշխատանքում։ Ներկայումս իրականացնելով պետականության ամրապնդման քաղաքականություն՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Արման Կիրակոսյանին ու նրա սերնդակիցներին, որոնցից շատ բան ենք սովորել»,- նշեց Բալայանը։

Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն էլ նշեց, որ Արման Կիրակոսյանի հետ աշխատել է ԱԳՆ-ում և նրա ղեկավարությամբ՝ 2011-13 թվականներին ԵԱՀԿ-ում։

«ԵԱՀԿ-ն բավականին քաղաքականացված կազմակերպություն է, որտեղ քննարկումները բավականին թեժ էին և այդ թոհուբոհի մեջ Արման Կիրակոսյանի հետ համագործակցությունն ու նրա ղեկավարությամբ աշխատանքը շատ արդյունավետ էր, քանզի նա ի ծնե դիվանագետ էր, պատմաբան ու մանկավարժ, այդ երեքի միասնությունը։ Կիրակոսյանը փայլուն դիվանագետ էր այն իմաստով, որ կարողանում էր համակրանք ստեղծել, շատ շրջահայաց էր, կշռադատված, հապշտապ ենթադրություններ չէր անում, զգացմունքներով չէր առաջնորդվում և կարողանում էր իր աշխատանքի նկատմամբ առաջացնել դրական հույզեր դիմացինի մոտ։ Խառնվածքով նույնպես դիվանագետ էր։ Նրա ներկայությունն ու հանդարտությունը մեզ օգնում էր, նրա շրջահայացության ու կշռադատվածության շնորհիվ մենք մշտապես մնում էինք դիվանագետի կերպարի մեջ»,- հավելեց Գևորգյանը։  

Նրա բնորոշմամբ՝ Կիրակոսյանը հավատում էր դիվանագիտությանը, համոզված էր, որ բոլոր հարցերին կարելի է տալ դիվանագիտական լուծումներ, հնարավոր է բոլորի հետ գտնել շփման ընդհանուր կետեր։ Նա միշտ ձգտում էր լինել խնդիրները կարգավորող։

«Որպես պատմաբան՝ հեղինակել է լուրջ գիտական մենագրություններ, աշխատել սկզբնաղբյուրների հետ՝ կատարելով դասական պատմաբանի աշխատանք։ Այդ տեսակետից՝ իր հայրիկի գործի շարունակողն էր։ Իսկ որպես մանկավարժ՝  ԵՊՀ-ում իր ուսանողներին գիտելիքների հետ փոխանցել է նաև մնայուն արժեքներ։ Իր օրինակով ցույց էր  տալիս, որ գիտելիքներն արդյունավետ են այն ժամանակ, երբ սերտաճում են արժեքների հետ։ ԱԳՆ-ում դժվար է գտնել մի մարդ, ով աշխատել է պարոն Կիրակոսյանի հետ և նրան չի բնութագրում որպես եզակի, բարի անձնավորություն, ով մեծ հետք է թողել իր կայքում և աշխատանքում»,- նկատեց Գևորգյանը։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, եղել է նորանկախ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ձևավորման ակունքներում, 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը, որից հետո եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Հունաստանում (1994-1999 թվականներ) և ԱՄՆ-ում (1999-2005 թվականներ)։

2005-11 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2011 թվականին նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան և, համատեղության կարգով, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար։ Նույն տարում, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2012 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։2018 թվականին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Արման Կիրակոսյանը 1999 թվականից պատմական գիտությունների դոկտոր էր։

Անվանի դիվանագետը մահացել է 2019 թվականի հուլիսի 6-ին՝ 62 տարեկան հասակում։ 

Հայերեն

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը