13 րոպեի ընթերցում
Կան ինքնություններ, որոնք մարդը ստանում է որպես ժառանգություն։ Եվ կան այնպիսիք, որոնց իմաստը տարիներ շարունակ փորձում է հասկանալ, հարցականի տակ դնել, երբեմն նույնիսկ մերժել՝ մինչև դրանք նորից գտնելը։ Անելգա Արսլանյանի համար հայկական ինքնությունը միաժամանակ այս երկու ճանապարհների պատմությունն է։
Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից սերած դուստր, 1957 թվականին Անտվերպենում ծնված և Բելգիայի հայկական սփյուռքում խորապես արմատավորված Անելգա Արսլանյանը, այնուամենայնիվ, պատմում է, որ երկար տարիներ իր հայկական ինքնությունն ընկալել է որպես «կաղապար»։ Միայն շատ ավելի ուշ՝ իր ընտանեկան պատմության, ամուսնու հետ հանդիպման, տոհմածառի ուսումնասիրությունների և Հայաստան կատարած առաջին այցելությունների միջոցով նա սկսեց այլ կերպ նայել իր հայկականությանը։
Այսօր բժիշկ, հինգ երեխաների մայր և տատիկ, տասնամյակներ շարունակ մարդասիրական գործունեությամբ զբաղվող և, մասնավորապես, Արսլանյան հիմնադրամի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված կին՝ նա հայ լինելն ընկալում է ոչ թե որպես պարտավորություն, այլ՝ աշխարհում լինելու մի ձև։
Նրա պատմությունը սկսվում է իր ծնողների պատմությունից, որոնց ընտանիքները ծագումով Այնթապից և Ադանայից էին։ Երկուսի ընտանիքներն էլ վերապրել էին Ցեղասպանությունը, ապա հայտնվել Սիրիայում, իսկ հետագայում՝ Լիբանանում։
Նրա հայրը ծնվել էր Սիրիայում և յոթ երեխաներից բաղկացած ընտանիքի անդամ էր։ Ընդամենը 18 տարեկանում նա մոր և հիվանդ քրոջ հետ մեկնում է Փարիզ՝ հույս ունենալով, որ կկարողանա բուժում գտնել քրոջ համար։ Քույրը, սակայն, չի փրկվում, բայց այդ ճանապարհորդությունը փոխում է ամբողջ ընտանիքի ճակատագիրը։
Փարիզում նա սկզբում զբաղվում է տարադրամի փոխանակմամբ, ապա անցնում ադամանդի բիզնեսի։ Հենց այնտեղ էլ նա Café de Flore-ում հանդիպում է իր ապագա գործընկերոջը և աներոջը։
Գրեթե կինեմատոգրաֆիկ դրվագ է․ նրանք միմյանց նկատում են, որովհետև լսում են հայերեն խոսք։
Մի քանի տարի անց ընտանիքը հաստատվում է Անտվերպենում, որտեղ 1957 թվականին ծնվում է Անելգան։
Մայրական կողմի պատմությունն այլ է։ Նրա մոր ընտանիքը ծագումով Ալեքսանդրիայից էր, որտեղ նրա պապը գործվածքներ էր մատակարարում Բելգիայի արքունիքին։ Տեղեկացված լինելով սպասվող վտանգների մասին՝ ընտանիքը մասամբ կարողանում է խուսափել հետապնդումներից, սակայն հետագայում նույնպես անցնում է աքսորի ճանապարհով և հայտնվում Սիրիայում։
Անելգայի ծնողները պատահաբար չեն հանդիպում։ Նրանց ծանոթացնում է Անելգայի հայրական տատը, որը չի ցանկանում, որ որդին շարունակի իր հարաբերությունները ֆրանսուհու հետ և որոշում է, որ եկել է նրան ամուսնացնելու ժամանակը։
«Նա նրան ամուսնության համար նախատեսված երիտասարդ աղջիկների էր ներկայացնում, որոնց թվում էր նաև մայրս»,- պատմում է Անելգան՝ իր պատմությանը բնորոշ հումորի և քնքշության յուրահատուկ համադրությամբ։
Անելգայի մանկությունն ամբողջությամբ հայկական միջավայրում է անցնում։ Ընտանիքը, ընկերները, լեզուն, ավանդույթները․ նրա ամբողջ շրջապատը կրում էր հայկական ինքնության դրոշմը։
Բայց դեռահասության տարիներին այդ նույն ինքնությունը դառնում է նաև ընդվզման աղբյուր։
Խիստ հայր ունենալու իրավիճակում, երբ վերջինս դեմ էր Անելգայի կրթությանը, նա սկսում է ամեն ինչին դեմ հանդես գալ. ընտանեկան սահմանափակումների, որոշ ավանդույթների, նաև իր հայկական ինքնության դեմ։
«Ես ինձ դրեցի «ամեն ինչին հակառակ» սկզբունքի մեջ, իսկ իմ հայկականությունը ես ինքս ձևավորեցի»,- ասում է Անելգան։
Այստեղ նրա պատմությունը դառնում է հատկապես համամարդկային։ Որովհետև ժառանգված ինքնությունը միշտ չէ, որ ակնհայտ է այն մարդուն, ով ստանում է այն։ Երբեմն այն պետք է դառնա հարց։ Անելգան սկսում է փնտրել։
Նա հարցեր է տալիս ընտանիքի անդամներին, վերականգնում իր տոհմածառը, լսում հարազատների պատմությունները և փորձում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել նախորդ սերունդների հետ։
Այնուհետև գալիս է ապագա ամուսնու հետ հանդիպումը, որը կարևոր դեր է ունենում այդ ինքնության վերակառուցման ճանապարհին։
Նա աստիճանաբար բացահայտում է նաև հայ լինելու մեկ այլ ձև՝ ավելի քիչ կապված արգելքների և պարտադրանքների, ավելի շատ՝ պատմության, մշակույթի և ժողովրդի ճանաչման հետ։
Հաջորդ կարևոր շրջադարձը Հայաստան կատարած առաջին այցելություններն էին, հատկապես՝ Հայաստանի անկախությունից հետո։
Այստեղ նա բացահայտում է մի իրականություն, որը մինչ այդ ճանաչել էր միայն սփյուռքի միջոցով։ «Բոլորը հայերեն էին խոսում։ Դա գաղտնի լեզու չէր»։ Այդ գիտակցումը նրա համար դառնում է իրական բացահայտում։
Որքան ավելի շատ է նա ճանաչում Հայաստանը, այնքան ավելի է հաշտվում ինքն իր հետ։ Որքան ավելի է ընդունում իր՝ սփյուռքահայ կնոջ ինքնությունը, այնքան ավելի կայուն է իրեն զգում։ Այսպիսով, իր պատանեկության տարիների «կաղապարը» աստիճանաբար վերածվում է ուժի։
Եվ այդ որոնումը երբեք ամբողջությամբ չի ավարտվել։ Այսօր էլ Անելգան շարունակում է սովորել հայերեն։ Արդեն հինգ տարի է՝ նա դասերի է հաճախում, սովորել է կարդալ և գրել ու ասում է, որ այժմ շատ ավելի լավ է խոսում հայերեն։
Դեռ մայր դառնալուց առաջ Անելգան իր կյանքը պատկերացնում էր երեխաների շուրջ։
Նա երազում էր դառնալ մանկական հոգեբույժ։ Ուզում էր «փրկել աշխարհի բոլոր երեխաներին», ստեղծել կենտրոն և ընդունել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Այդպես նա սկսում է բժշկական ուսումը՝ չնայած այն հանգամանքին, որ հայրը դեմ էր։
Ի տարբերություն հոր՝ ամուսինը խրախուսում է նրան շարունակել ուսումը և նույնիսկ տեղափոխվում է Բրյուսել, որպեսզի նա կարողանա ավարտել իր համալսարանական կրթությունը։ Այնուհետև ընտանեկան կյանքը հսկայական տեղ է զբաղեցնում նրա կյանքում։ Անելգան երազում էր յոթ երեխա ունենալ։ Նա ունեցավ հինգը։
Երբ այսօր խոսում է այն մասին, թե ինչ էր ցանկանում փոխանցել իր երեխաներին, նրա պատասխանը շատ ավելի լայն է, քան հայկական ինքնության հարցը, «որպեսզի իրենց մաշկի մեջ լավ զգան, իրենց ուժեղ զգան». չփոխվել որևէ մեկի առջև՝ լինի նա հզոր, թե անպաշտպան, մնալ սեփական «ես»-ին հավատարիմ, ունենալ արժեքներ, բարի գործեր անել, երախտապարտ լինել, լինել բարի։
«Ինձ համար դա առաջնային է»,- հավելում է Անելգա Արսլանյանը։
Գուցե, հենց այստեղ է գտնվում Անելգայի՝ հայկականության հանդեպ վերաբերմունքի էությունը։ Նա երբեք չի ցանկացել իր երեխաներին պարտադրել այն, ինչ ինքն իր կյանքի որոշակի փուլում ապրել էր որպես պարտավորություն։
Նա կարծում էր, որ իր երեխաները կամուսնանան հայերի հետ։ Բոլորը այդպես չվարվեցին։ Եվ նա դա ընդունում է։ «Ես չէի կարող նրանց ստիպել»։
Նրա համար կարևորն այլ բան է․ իր երեխաներն իրենց հայ են զգում և երբեք չեն ամաչել իրենց հայ լինելուց։ Փոխանցումը երբեմն տեղի է ունենում ամենապարզ ընտրությունների միջոցով։ Թոռներին տրված հայկական անունները դրա օրինակներից են։ Բայց նույնիսկ այստեղ Անելգան ընդգծում է՝ ինքը ոչինչ չի պարտադրել։
«Մենք այն ենք, ինչ կանք։ Ի վերջո, դա ինքնություն է։ Դու ցույց ես տալիս, թե ով ես»։
Այս միտքը, թերևս, ամբողջությամբ ամփոփում է նրա պատկերացումը փոխանցման մասին՝ արմատներ տալ՝ առանց ճանապարհը պարտադրելու։
Երբ նրան հարցնում են, թե ինչ կցանկանար, որ իր երեխաներն ու թոռները պահպանեին Հայաստանից ու հայկականությունից, նրա պատասխանը զարմացնում է։
«Պահելու ոչինչ չկա։ Հայ ծնվում են»։
Նա հրաժարվում է ինքնությունը որպես փխրուն առարկա պատկերացնելու գաղափարից, որը պետք է սերնդեսերունդ պահպանել։ Նա իրեն բնորոշում է որպես «Բելգիայի հայ»՝ գիտակցելով սփյուռքահայ ինքնության բարդությունը։
«Ես ինձ զգում եմ որպես հայ, որպես սփյուռքահայ»,- ասում է նա։
Նրա համար յուրաքանչյուր սերունդ կարող է այդ ինքնությունն ապրել յուրովի։ Հայկականությունն էլ է փոխվում, ինչպես Հայաստանը և ինչպես սփյուռքի վերաբերմունքը սեփական պատմության նկատմամբ։
Անելգայի կյանքում հոգատարությունն ու ներգրավվածությունը միշտ մոտ են եղել միմյանց։ Բժիշկ լինելով՝ նա մարդասիրական գործունեության մեջ ներգրավվել է դեռևս Արսլանյան հիմնադրամի ստեղծումից շատ առաջ։
Հայ երեխաներին աջակցելու նրա գործունեությունը սկսվել է, մասնավորապես, հովանավորության և նամակագրության միջոցով։ Նա չի սահմանափակվել օգնություն ուղարկելով․ անձնական կապ է պահպանել ընտանիքների հետ, պատասխանել նամակներին, հետևել երեխաներին և շարունակել հետաքրքրվել նրանց կյանքով։
2020 թվականին, երբ հայ ընտանիքներ հայտնվում են ծանր իրավիճակում, նա սկզբում փորձում է կապեր ստեղծել այդ ընտանիքների և այն բելգիացիների միջև, որոնք կարող էին նրանց աջակցել։
Հովանավորության համակարգը, սակայն, չի աշխատում այնպես, ինչպես նա էր ակնկալում։ Բայց այդ առաջին նախաձեռնությունն աստիճանաբար ճանապարհ է բացում շատ ավելի համակարգված ներգրավվածության համար։
Նրա մոտեցումը կարելի է ամփոփել մի նախադասությամբ․ «Բավական չէ ձուկ տալ, պետք է սովորեցնել ձուկ որսալ»։
Օգնելը նրա համար նշանակում է նաև մարդուն ինքնուրույն դառնալու միջոցներ տալ, խրախուսել երեխաներին սովորել, համալսարան գնալ, անգլերեն սովորել, նպատակներ ունենալ և ձգտել առաջ գնալ։
Սակայն փոխանցումը միայն խոսքերով չի կատարվում։ Անելգան իր երեխաներին և թոռներին տարել է Հայաստան։ Ոմանց համար դա առաջին այցելությունն էր։
Նա հուզմունքով է հիշում նրանց արձագանքը․ բացահայտեցին, որ Հայաստանը իրական երկիր է՝ իր բնությամբ, վանքերով և պատմությամբ։ Նրանք սիրեցին Հայաստանը։ Իսկ նրա համար այդ բացահայտումն ինքնին փոխանցման ձև է։ Որովհետև Հայաստանն ապագա սերունդներին փոխանցելը միայն նախնիների պատմությունը պատմելը չէ։ Դա նաև նրանց հնարավորություն տալն է՝ սեփական հարաբերությունը կառուցելու երկրի հետ։
Երբ մտածում է այն մասին, թե ինչ ուղերձ կցանկանար թողնել իր թոռներին, Անելգան վերադառնում է մի բանաձևի, որը նրանց կրկնում էր փոքր ժամանակ՝ «երեք կենտրոններին»՝ ուղեղ, սիրտ, մարմին։ Երեքը պետք է ներդաշնակ լինեն։
Թվում է՝ մանկական պարզ բանաձև է, բայց դրա հետևում կյանքի մի ամբողջ փիլիսոփայություն է՝ լինել հավասարակշռված, ունենալ լավ արժեքներ, լինել բարի և պահպանել մարդկանց հետ կապը։ Այսօր նա նայում է իր թոռներին, նրանց մտերմությանը, փոխադարձ կապվածությանը և սիրուն։
Երբ տեսնում է, թե ինչպես են նրանք մեծանում, նա չի խոսում «կատարված առաքելության» մասին՝ որպես վերջնականապես ավարտված պատմության։
«Ոչինչ ձեռքբերովի չէ»։
Երեխաները միշտ մնում են երեխաներ։ Եվ երբ նրանք օգնության կարիք ունեն, նա այնտեղ է։
Գուցե, հենց սա է Անելգա Արսլանյանի պատկերացրած ինքնության փոխանցման ամենակարևոր իմաստը․ չպարտադրել ժառանգությունը, այլ տալ այնքան ամուր արմատներ, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ազատորեն մեծանալ, իմանալ՝ ով է ինքը և մի օր ինքն ընտրել, թե ինչ է ցանկանում փոխանցել հաջորդ սերնդին։
Եվ այդ երկար ճանապարհի վերջում նա, ով ժամանակին իր հայկականությունն ընկալում էր որպես կաղապար, այսօր պարզ ու մեծ հպարտությամբ ասում է․ «Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ»։