Լավրովը հայտնել է, թե ինչի վրա են հիմնվել Պուտինը, Ուիթքոֆը և Քուշները՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների միջև Մոսկվայում կայացած բանակցությունների էությունը հենվում է ԱՄՆ ղեկավարի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու և գետնի վրա իրողությունները ճանաչելու հարցում դիրքորոշման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Քննարկվածի էությունը, դա ես կարող եմ համարձակ ասել, հենվում է այն դիրքորոշման վրա, որը նախագահ Թրամփը Օվալաձև աշխատասենյակ վերադառնալուց անմիջապես հետո ներկայացրել է ուկրաինական գործերի վերաբերյալ», - ասել է Լավրովը՝ Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում պատասխանելով ամերիկացի հեռուստահաղորդավար Էնդրյու Նապոլիտանոյի հարցին։
«Եվ հատկապես, նա, նախևառաջ, ասաց, որ նույնիսկ մոռացել են փորձել Ուկրաինային ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ։ Նա ասաց, որ սա պարզ էր Պուտինից շատ առաջ։ Հարցը փակված է, և պետք չէ այն փորձել արթնացնել։ Եվ Միացյալ Նահանգների դիրքորոշման երկրորդ տարրը գետնի վրա իրողությունները ճանաչելն է», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը մասնակցել է սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններին, մանրամասն մեկնաբանություններ է տվել։
ԱՄՆ նախագահի բանագնացները սեպտեմբերի 5-ին և 6-ին Մոսկվայում և Կիևում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղիները։