2 րոպեի ընթերցում
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ արկտիկական կղզու ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, բայց հրաժարվել է հայտնել երկխոսության մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Պաշտոնատար անձինք գործադրում են բոլոր ջանքերն իրադրության կարգավորման համար: Ցավոք, ես չեմ կարող հայտնել այդ բանակցությունների մանրամասները, բայց կարող եմ ասել, որ մեր երկխոսությունը շարունակվում է», - ասել է Էգեդեն Եվրպական խորհրդարանում քննարկումների ժամանակ:
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ վերահսկողության տակ վերցնելու արկտիկական կղզին, որը մտնում է Դանիայի կազմի մեջ։
Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփն առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թ. մարտին նա վստահություն է հայտնել, որ կղզին կարելի է անեքսիայի ենթարկել՝ մերժման դեպքում սպառնալով Կոպենհագենին առևտրային մաքսատուրքերով:
1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիր: Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն ստանձնել է պարտավորություն պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար: