«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված՝ Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասին հայտարարել էր 2026 թվականի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ նշելով. «2026 թվականը 108-ամյա Դատախազության համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այն ինստիտուցիոնալ հիշողության և պատմական ժառանգության արժևորման տարի է: 2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակը, ում գործունեությունը կարևոր հետք է թողել Հայաստանի դատախազության պատմության էջերում: Մենք կարևորում ենք, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։ Այս ճանաչողությունը խթանելու նպատակով այս տարի նախատեսում ենք կազմակերպել դատախաղ՝ պետական շահերի պաշտպանության թեմատիկայով»:

Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկել իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։

Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։

Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի Հայցվորի և Պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսերի, այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները, իրավաբանական ուղղություն ունեցող հաստատությունների ուսանողները: Յուրաքանչյուր թիմ կարող է կազմված լինել 2-ից 5 անդամից, իսկ մեկ բուհից կարող է մասնակցել առավելագույնը 4 թիմ։

Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։

Կից՝ դատախաղ մրցույթի փուլերի ժամանակացույցը, մրցույթի կանոնները և մասնակցության հայտի ձևանմուշը:

Մասնակցության վերաբերյալ հարցերը կարող են ուղղվել studentmoot@prosecutor.am էլեկտրոնային հասցեին կամ 095 119424 հեռախոսահամարին։

Թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-ը, ժամը՝ մինչև 24:00:

Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկվեն studentmoot@prosecutor.am էլ. փոստին:

Մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է:

 

Հայերեն

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ

Սուրեն Պապիկյանը դիտարկել է ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը

Մոլդովայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ. Moldpres

Բուլղարիայի մայրաքաղաքի Հարավային այգում բացվել է «Սոֆիայի գետեր» եռօրյա փառատոնը. BTA

Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում