Հայաստան

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

4 րոպեի ընթերցում

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված՝ Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասին հայտարարել էր 2026 թվականի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ նշելով. «2026 թվականը 108-ամյա Դատախազության համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այն ինստիտուցիոնալ հիշողության և պատմական ժառանգության արժևորման տարի է: 2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակը, ում գործունեությունը կարևոր հետք է թողել Հայաստանի դատախազության պատմության էջերում: Մենք կարևորում ենք, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։ Այս ճանաչողությունը խթանելու նպատակով այս տարի նախատեսում ենք կազմակերպել դատախաղ՝ պետական շահերի պաշտպանության թեմատիկայով»:

Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկել իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։

Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։

Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի Հայցվորի և Պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսերի, այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները, իրավաբանական ուղղություն ունեցող հաստատությունների ուսանողները: Յուրաքանչյուր թիմ կարող է կազմված լինել 2-ից 5 անդամից, իսկ մեկ բուհից կարող է մասնակցել առավելագույնը 4 թիմ։

Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։

Կից՝ դատախաղ մրցույթի փուլերի ժամանակացույցը, մրցույթի կանոնները և մասնակցության հայտի ձևանմուշը:

Մասնակցության վերաբերյալ հարցերը կարող են ուղղվել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ 095 119424 հեռախոսահամարին։

Թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-ը, ժամը՝ մինչև 24:00:

Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկվեն [email protected] էլ. փոստին:

Մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում