Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

4 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի օգոստոսի 28-ին շրջադարձային և ուղենիշային նշանակություն ունեցող որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի հատկանիշների առնչությամբ՝ համակարգային վերլուծության ենթարկելով նաև քրեական ենթամշակույթին առնչվող հանցակազմերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիոն դրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով կազմակերպված հանցավորության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը սահմանել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ «գողական աշխարհի» հիմնական հատկանիշները և նշել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ որպես այդ հասկացության հոմանիշ օրենսդրի կողմից կիրառված «գողական աշխարհը», օրենսդրական կարգավորման տեսանկյունից, ըստ էության, նույնանում են և վերաբերում են միևնույն երևույթին։ Հետևաբար, վերոնշյալ իրավանորմի շրջանակներում որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում պետք է դիտարկել ոչ թե առանձին խմբերը կամ խմբավորումները, այլ ամբողջ «գողական աշխարհը»՝ որպես միասնական համակարգ, իր ոչ ֆորմալ հիերարխիայով, հեղինակություններով և ազդեցությամբ, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն։

Դրան բնորոշ է «խնդիրների լուծումը» բռնությամբ, ահաբեկումով և հարկադրանքով։ Ընդ որում, «գողական աշխարհի» գոյությունը, որպես հանրահայտ փաստ, քրեական վարույթի շրջանակներում ինքնին ապացուցման կարիք չունի։

Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ յուրաքանչյուր կոնկրետ գործով հիմնավորել և ապացուցել «գողական աշխարհի»՝ որպես քրեական ենթամշակույթ կրող համակարգի գոյությունը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը չանդամակցող անձի կողմից խմբավորման հետապնդած նպատակներին որևէ կերպ ներգրավված լինելու, դրանց իրականացմանը նպաստելու ձևով։

Այլ խոսքով՝ վերոնշյալ անձինք քրեական աստիճանակարգությունից դուրս են գտնվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը («գողական աշխարհին») չեն անդամակցում կամ մասնակցում, պարզապես դրա նպատակների իրագործման հարցում ունենում են օժանդակ ներգրավվածություն։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ թեև քրեակատարողական հիմնարկներ հանձնուքներ ուղարկելը, ըստ էության, օրենսդրությամբ թույլատրելի է և չի կարող ինքնին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցությունը կամ ներգրավվածությունը հաստատված համարելու հիմք լինել, այնուամենայնիվ, կարող է վերոնշյալ հանգամանքները գնահատելու հարցում որոշակի նշանակություն ունենալ՝ հաշվի առնելով այն անձանց շրջանակը, որոնց ուղարկվում են հանձնուքները, դրա պարբերականությունը, ինչպես նաև նրանց և ուղարկողի միջև առկա կապի բնույթը (օրինակ՝ ուղարկողի մերձավորը կամ մերձավոր ազգականը չեն հանդիսանում) և այլն։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական ենթամշակույթ կրող անձը կոնկրետ հարցի լուծմանը ձեռնամուխ է լինում ոչ թե որպես մասնավոր անձ, այլ որպես քրեական ենթամշակույթի բարքեր կրող՝ իր արարքները պայմանավորելով տվյալ երևույթի գաղափարախոսության և հետապնդելի նպատակների շրջանակներում, որպիսի գործողությունները դուրս են սեփականության դեմ ուղղված հարաբերությունների շրջանակներից։

Վճռաբեկ դատարանի որոշումն՝ այստեղ:

Հայերեն English Русский

Իմ «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել էր անսպասելի հարձակման. Դենիս Ջորկաեֆի հայտարարությունը

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին