Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հետևում է Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին հեռահար զենքի, ինչպես նաև հրթիռների հավաքման տեխնոլոգիաների փոխանցման մասին հաղորդագրություններին և կարող է բրիտանական արտադրության հրթիռներով ՌԴ-ի տարածքում հարվածներին պատասխանել՝ թիրախավորելով բրիտանական ռազմական օբյեկտներն Ուկրաինայում և երկրի սահմաններից դուրս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա անդրադարձել է օգոստոսի 24-ին Կիևում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հայտարարությունը, որ բրիտանական կողմը Կիևին տրամադրել է բրիտանա-ֆրանսիական արտադրության Storm Shadow/SCALP հրթիռների հավաքման տեխնոլոգիաները, որպեսզի դրանք արտադրվեն Ուկրաինայում։ Զախարովան հիշեցրել է, որ նման քայլ նախկինում ձեռնարկել է նաև Ֆրանսիան, սակայն դա չի իրագործել։ Խոսնակը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է զարգացումներին՝ հավելելով, որ եվրոպական երկրներն անմիջական պատասխանատվություն են կրում Ռուսաստանի տարածքում հարձակումներին մասնակցելու համար։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Թագավորության բոլոր բնակիչներին մտածել սեփական կառավարության թշնամական գործողությունների անխուսափելի աղետալի հետևանքների մասին։ Մենք նաև կոչ ենք անում բրիտանական ղեկավարությանը ևս մեկ անգամ մանրակրկիտ վերլուծել իրավիճակը և անհապաղ ու վճռականորեն հրաժարվել իր թշնամական, ագրեսիվ քաղաքականությունից», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա շեշտել է, որ նման քաղաքականությունը կարող է ստեղծել վտանգ, որ հակամարտությունը կտեղափոխվի բոլորովին նոր մակարդակ։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Ռուսաստանի տարածքում բրիտանական զենքի կիրառմամբ ուկրաինական հարվածներին պատասխանը կարող են դառնալ Բրիտանիայի ռազմական օբյեկտները և տեխնիկան Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս։ Պատերազմական հանցագործությունների մեղավորները, այդ թվում՝ մեր երկրի քաղաքացիական բնակչության դեմ, կպատժվեն իրենց գործողությունների համաձայն», - հավելել է պաշտոնյան:

Հայերեն Русский