Եվրոպա

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ

Լոնդոնի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ազգային հիվանդանոցում (NHNN) աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքի հեռացումն իրականացվել է արհեստական ​​բանականության մասնակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի (UCLH) մամուլի ծառայությունը։

«Բարդագույն վիրահատության ընթացքում նյարդավիրաբույժին իրական ժամանակի ռեժիմով օգնելու համար արհեստական ​​բանականության առաջին կիրառումը փրկել է գլխուղեղի ուռուցքը հեռացրած հիվանդի տեսողությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդը 48-ամյա Ռիս Հիբերթն է, որի մոտ հայտնաբերվել է մոտավորապես 11 միլիմետրի չափով հիպոֆիզի ուռուցք, որը սպառնալիք էր ներկայացնում տեսողության համար և կարող էր հանգեցնել կուրության։ Հիվանդանոցի տվյալներով՝ վիրահատությունից հետո հիվանդի տեսողությունը զգալիորեն բարելավվել է, և արդեն մի քանի օր անց նա կարողացել է քայլել առանց ձեռնափայտի ու ակնոցի։

Վիրահատության ընթացքում արհեստական ​​բանականությունն իրական ժամանակում լուսավորել է ուղեղի հիմքում գտնվող կարևորագույն կառուցվածքները՝ հիպոֆիզը, անոթները և տեսողական նյարդերը, վիրաբույժների խմբին օգնելով ճիշտ որոշումներ կայացնել։

Նախագծի տեխնիկական ղեկավար Սոֆյա Բանոն նշել է, որ համակարգն ուսուցանվել է հարյուրավոր վիրաբուժական տեսանյութերի վրա, ինչը նրան թույլ է տվել ճանաչել անատոմիան, գործիքները և հյուսվածքների փոխգործակցությունը։ Բժիշկները պլանավորում են համակարգն օգտագործել նաև այլ բարդ նյարդավիրաբուժական վիրահատություններում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում