Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին
4 րոպեի ընթերցում
Հայաստանը Ռուսաստանի հետ չափազանց անկեղծ է և միշտ է անկեղծ եղել. Երևանը չէ, որ որևէ բան է անում Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընաթացքում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է անկեղծ լինի Ռուսաստանի հետ, դադարեցնի կեղծ քաղաքականություն վարելը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը և շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միության հնարավորություններից»։
«Մենք Ռուսաստանի հետ չափազանց անկեղծ ենք, և մենք միշտ ենք անկեղծ եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել նորմալ, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Ռուբինյանը։
Նա հավելել է, որ այդ կոնտեքստում Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ո՛չ էլ, առավելևս, ԵԱՏՄ կանոններին։
«Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է, իսկ այս պարագայում մենք գործ չունենք այդ ազատության հետ՝ առնվազն դե ֆակտո»,-ընդգծել է Ռուբինյանը։
Ռուբինյանն անդրադարձել է նաև հարցին, թե կան արդյոք հստակ ժամկետներ, թե երբ է պատրաստվում Հայաստանը պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցելու համար՝ հաշվի առնելով, որ այդ մասին արդեն հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում քայլեր կձեռնարկի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց սկսելու ուղղությամբ։
Ռուբեն Ռուբինյանն ասել է՝ հայտնի փաստ է, որ հենց ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որպեսզի Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի, քանի որ նրանք անընդհատ ասում են, որ Հայաստանը Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե պետք է անցկացնի։
«Բայց Եվրամիությանն անդամակցելու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել հնարավոր է միայն, երբ այդ հարցը ձևակերպված լինի և այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն։ Այսինքն՝ հնարավոր չէ միայն հանրաքվե անել այն հարցով, թե ուզո՞ւմ ենք արդյոք դառնալ Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողություններն արված չեն։ Հետևաբար, հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ դիմենք ԵՄ անդամակցության համար, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան հստակություն քայլերի, ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի անցկացնել հանրաքվե»,-շեշտել է ԱԺ նախագահը։