Պեսկովը հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի՝ Մոսկվա այցի նպատակը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած չհայտարարված այցի նպատակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան The Washington Post պարբերականին Պեսկովը հայտնել է, որ Ռեթքլիֆի այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ ՌԴ նախագահի խոսնակը չի հայտնել։
Ավելի վաղ ամերիկյան CBS News-ին աղբյուրները հայտնել էին, որ Ռեթքլիֆը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Նրա այցի մասին տեղեկությունը տարածվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի օդանավակայանում նկատվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster III ինքնաթիռ, ինչպես նաև ԱՄՆ դիվանագիտական ավտոշարասյուն։
ԿՀՎ-ն այցի մասին որևէ մեկնաբանություն չի արել։
Նշվում է, որ սա Ռեթքլիֆի՝ ԿՀՎ տնօրենի պաշտոնում Ռուսաստանը կատարած առաջին հայտնի այցն է։
Ըստ Axios-ի՝ Ռեթքլիֆի ուղևորության նախօրեին ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկացրել է, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Մոսկվա և խնդրել է դադարեցնել հարվածները։