Բուլղարիայի մի շարք քաղաքներ «Եվրատեսիլ 2027»-ին ընդառաջ մշակում են համատեղ զբոսաշրջային փաթեթ. BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Շումենի, Կասպիչանի և Վելիկի Պրեսլավի քաղաքապետարանները մշակում են համատեղ զբոսաշրջային փաթեթ՝ «Ահա թե որտեղ է սկսվում Բուլղարիան» խորագրով, որպեզի օգտվեն միջազգային հետաքրքրությունից՝ կապված Բուրգասում «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի անցկացման հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին օգոստոսի 24-ին հայտարարել է Շումենի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երեք քաղաքապետները ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ Պլիսկան, Կիրիլյան այբուբենի այգին, Մադարան, Վելիկի Պրեսլավը և Շումենը կապող երթուղի մշակելու համար։ Այն կներկայացնի Բուլղարիայի հիմնադրումը, նրա միջնադարյան մայրաքաղաքները, կիրիլյան գիրը և բուլղարական մշակույթի ոսկեդարը։ Երթուղին կդառնա ամբողջական, ամրագրվող զբոսաշրջային փաթեթ՝ սահմանված երթուղիներով, տրանսպորտով, մուտքի պայմաններով, անգլիախոս ուղեկցորդներով, սննդով, խմբերի առավելագույն չափերով և նախնական ամրագրմամբ։
Շումենի քաղաքապետ Խրիստո Խրիստովը նշել է, որ Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը սպասում է վերջնական առաջարկին, որից հետո կքննարկի երթուղին «Եվրատեսիլ 2027»-ի հետ կապված զբոսաշրջային ծրագրին ավելացնելու հարցը։ Մշակութային հաստատությունները, զբոսաշրջային բիզնեսները և տուրօպերատորները նույնպես կօգնեն մշակել փաթեթը, որը քաղաքապետարանները նպատակ ունեն ավարտել սեպտեմբերի կեսերին։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2027 թվականի մայիսի 11-ին և 13-ին, իսկ մեծ եզրափակիչը՝ մայիսի 15-ին։ Նախատեսվում է, որ փաթեթը հասանելի կմնա նաև մրցույթից հետո՝ տարածաշրջանի պատմական և մշակութային ժառանգությունը խթանելու համար։