Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում՝ «արևմտյան Ադրբեջանի և արևմտա-ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ։  

Վարչապետի խոսքով՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հարատևության համար կարևոր է նաև այն, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվեն, հաշտ լինեն այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի ու անկախ Ադրբեջանի տարածքները նույնական են Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի տարածքների հետ՝ ոչ ավել, ոչ պակաս։

«Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ և գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Հայերեն English فارسی Français ქართული