Վահագն Ալեքսանյանն անջատեց Լևոն Քոչարյանի խոսափողը, Արման Եղոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ձայնի իրավունքից
3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լեզվակռիվը սկսվեց այն բանից հետո, երբ Լևոն Քոչարյանը հարց էր ուղղում Լիանա Մանուկյանի կենսագրությունը ներկայացնող «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին և իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու կոնտեքստում օգտագործեց նաև «գործ տալ» արտահայտությունը։
«...Եթե չեմ սխալվում, պատգմավորներից մեկն ասաց, որ Ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ, ժողովրդի լեզվով ասած, գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա՞ այս մասով...»,- նշեց Քոչարյանը։
Վահագն Ալեքսանյանն ընդհատեց Լևոն Քոչարյանին և հորդորեց քրեական ենթամշակույթին բնորոշ բառապաշար խորհրդարանում չօգտագործել։
«Պարոն Քոչարյան, կներեք, Ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին հայտարարելով նախազգուշացում։
Լևոն Քոչարյանն առարկեց ԱԺ փոխնախագահի որոշմանը՝ հորդորելով չընդհատել իրեն և թույլ տալ, որ ինքն ավարտի իր խոսքը՝ շեշտելով, որ եթե թույլ տան ավարտել իր հարցը, այդ ժամանակ պարզ կլինի այդ արտահայտությունը օգտագործելու համատեքստը։
«Ես եմ հիմա խոսում, ոչ թե Դուք, երբ կվերջացնեմ խոսքս, նոր Դուք կխոսեք»,- դիմելով Ալեքսանյանին՝ ասաց Լևոն Քոչարյանը։
Վահագն Ալեքսանյանը հրահանգեց անջատել Լևոն Քոչարյանի խոսափողը և հայտարարեց.
«Պարոն Քոչարյան, ես եմ խոսում, լսեք ինձ։ Ասում եմ, որ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանում չկա նման բան, ու չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանել «գործ տալ»: Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի»։
Դրանից հետո բանավեճ սկսվեց Լևոն Քոչարյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի միջև։
Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում հայտարարեց նաև Արման Եղոյանին, սակայն Եղոյանը շարունակում էր տեղից բղավել, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը նշեց, որ Արման Եղոյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսափողից օգտվելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը օգոստոսի 19-ի նիստում էլ նիստերի դահլիճից հեռացրել էր պատգամավոր Դավիթ Ղազինյանին, իսկ օգոստոսի 20-ի նիստի մեկնարկին հայտարարեց, որ վերանայել է նիստը, լսել է Դավիթ Ղազինյանի հայտարարությունները թե՛ նիստերի դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, և եկել է այն եզրահանգման, որ Ղազինյանի ասածների մեջ որոշակի լեգիտիմություն կա, իսկ ինքը դրանից հետևություններ կանի։ Ալեքսանյանն ընդգծել էր, որ քաղաքական գործչի համար ինքնահայեցումը կարևոր բաղադրիչ է։