Գերմանիայում շոգի պատճառով 2026 թվականին 14 000 մարդ է մահացել
2 րոպեի ընթերցում

Գերմանիայում մոտ 14 000 մարդ շոգ եղանակի զոհ է դարձել ընթացիկ ամռանը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 1992 թվականից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության կառուցվածքի մեջ մտնող Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալները:
Ինստիտուտի վերջին տվյալներն ընգրկում են տարվա սկզբից մինչև օգոստոսի 9 ներառյալ ընկած ժամանակահատվածը: Դրանց համաձայն՝ շոգի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը գնահատվում է 14 000: Դա առավելագույն ցուցանիշն է 1992 թվականից ի վեր: 1994 թվականին, ըստ համաճարակաբանների գնահատումների, շոգի պատճառով մահացել է 10 100, իսկ 2018 թվականին՝ 8700 մարդ:
Այս ամռանը մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկել 75 տարեկանից բարձր տարիքային խմբին (10 300 մահացած): Իր վերլուծության մեջ ինստիտուտն առանձնացրել է արտակարգ շոգի երկու ժամանակահատված: Առաջինը բաժին է ընկել հունիսի վերջին, երկրորդը՝ հուլիսի վերջից օգոստոսի սկզբին։ Մահերի մեծ մասը՝ 9600, տեղի է ունեցել հունիսի 22-28-ը։
RKI-ի գնահատումները հիմնվում են Գերմանիայի վիճակագրության և օդերևութաբանական ծառայության դաշնային գերատեսչության տվյալների վրա։ Հետազոտողներն օգտագործում են վիճակագրական մոդելներ՝ որոշելու, թե որքանով է մահացածների թիվն արտակարգ շոգի շրջանում (օրեր, որոնց միջին օրական ջերմաստիճանը 20 աստիճան Ցելսիուսիից բարձր է) գերազանցում տարվա այդ ժամանակահատվածի համար բնորոշ մահացության ցուցանիշները։ Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայում օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26,4 աստիճան, ընդ որում, ցերեկը տեղ-տեղ ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից վեր: