Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային 40 տրիլիոն դոլարի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային 40 տրիլիոն դոլարի

ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը, հայտարարել է երկրի Ֆինանսների նախարարությունը։ Հինգ ամիս առաջ՝ մարտին, պետական պարտքը հասել էր 39 տրիլիոն դոլարի, իսկ դրանից ևս հինգ ամիս առաջ՝ հոկտեմբերին, այն կազմում էր 38 տրիլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ դաշնային ծախսերի մեծ մասը կազմում են պաշտպանական ծախսերը, սոցիալական ծրագրերը և աճող դեֆիցիտի տոկոսագումարները։

Փորձագետները նշում են, որ այս ռեկորդային պարտքն արդեն ազդում է ամերիկացիների գրպանների վրա՝ բարձրացնելով հիփոթեքային վարկերի և, օրինակ, ավտոմեքենաների վարկավորման ծախսերը, իջեցնելով այն բիզնեսների կողմից վճարվող աշխատավարձերը, որոնք ավելի քիչ գումար ունեն ներդրումներ կատարելու համար, և բարձրացնելով ապրանքների և ծառայությունների գները։

Պարտքը կտրուկ աճել է մի քանի նախագահական վարչակազմերի օրոք, քանի որ երկրի առաջնորդներն ավելի շատ գումար են ծախսում, քան հավաքում են հարկերի տեսքով։ Մի քանի տարի տևած COVID-19-ի համավարակի ընթացքում ԱՄՆ տնտեսության մեծ մասը փակվել էր, դաշնային կառավարությունը մեծ պարտքեր էր վերցնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի (2017-2021 թթ.) և նախկին նախագահ Ջո Բայդենի (2021-2025 թթ.) օրոք՝ տնտեսությունը կայունացնելու և վերականգնմանը աջակցելու համար։

Reuters գործակալությունը նշում է, որ ԱՄՆ պետական պարտքը Թրամփի երկու ժամկետների և Բայդենի նախագահության ընթացքում կրկնապատկվել է։ Պարտքն ավելացել է 11,6 տրիլիոն դոլարով Թրամփի առաջին և երկրորդ կառավարման ընթացքում և 8,4 տրիլիոն դոլարով՝ Բայդենի չորսամյա կառավարման ընթացքում։

ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ 1 տրիլիոն դոլարի էր հասել 1981 թվականին։

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից տվյալների վերջին վերլուծության՝ ԱՄՆ-ի ֆինանսական դիրքը վատագույնն է զարգացած մյուս երկրների շարքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում