ԱԺ-ում իրավիճակը լարվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց նիստերի դահլիճից
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցի քննարկման վերջում իրավիճակը խորհրդարանում լարվեց, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճից հեռացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, որից հետո Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ցանկանում է ելույթի հետ կապված նկատառում անել, սակայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղերից միջամտեցին, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը նրանց նախազգուշացում հայտարարեց։
Մասնավորապես, ՀՀ ԱԺ փոխնախագահը նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։
«Պատգամավոր Տիգրան Աբրահամյան, Ձեզ հայտարարվում է նախազգուշացում»,- ասաց Ալեքսանյանը։
Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը տեղից արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը.
«Մենք էլ Ձեզ ենք հայտարարում նախազգուշացում»,- ասաց Ղազինյանը։
Վահագն Ալեքսանյանը Դավիթ Ղազինյանին ևս նախազգուշացում հայտարարեց.
«Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում, պարոն Դավիթ Ղազինյան, Ձեզ ևս հայտարարվում է նախազգուշացում»,- ասաց Ալեքսանյանը։
Դավիթ Ղազինյանը շարունակում էր տեղից արձագանքել, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը որոշեց նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառել՝ զրկելով մեկ նիստի ընթացքում խոսափողից հանդես գալու իրավունքից։
Դավիթ Ղազինյանը շարունակում էր ընդդիմանալ ԱԺ փոխնախագահի որոշումներին, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը որոշեց նրան հեռացնել նիստերի դահլիճից։
«Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ Դավիթ Ղազինյանից պահանջելով լքել դահլիճը։
Վահագն Ալեքսանյանը մի քանի անգամ կրկնեց դահլիճը լքելու հորդորը, սակայն Դավիթ Ղազինյանը շարունակում էր նստած մնալ իր տեղում։ Դրանից հետո Վահագն Ալեքսանյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի վերջիններս Ղազինյանին հեռացնեն դահլիճից։
Դրանից հետո Ղազինյանը ցույց տվեց, որ ինքնակամ հեռանում է դահլիճից։
Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Դավիթ Ղազինյանը ինքնակամ դուրս է գալիս՝ հանդարտեցնելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին.
«Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալիս, թողեք դուրս գա»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
Դավիթ Ղազինյանի հետ դահլիճը լքեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի խումբ այլ պատգամավորներ ևս։
Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Վահագն Ալեքսանյանին մեղադրեց ԱԺ կանոնակարգը խախտելու մեջ, ինչին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը Գեղամ Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը։
ԱԺ-ն այս պահին քննարկում է խորհրդարանում աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածության հարցը։