2 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արման Ղանդիլյանին պատկանող «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսչական ստուգման ընթացքում արտադրամասում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։
Մասնավորապես, արտադրական տարածքների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկման և վերանորոգման, ինչպես նաև տարածքների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմանները։ Չեն կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, ինչպես նաև չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված ու մաքուր գույքի խաչաձև հոսքերը։
Խախտումներ են արձանագրվել նաև հատակների, պատերի, առաստաղների և դռների նկատմամբ սահմանված հիգիենիկ պահանջների պահպանման հարցում։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն գտնվել պատշաճ վիճակում։
Բացի այդ, արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված սանհանգույց և հանդերձարան։
Տեսչական մարմինը հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանել է ժամկետ։