Մոսկվան սպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների հարվածների համար
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։
«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից», - ասվում է օգոստոսի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։
«Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ», - նշել է դիվանագիտական առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։
Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»։
«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա այս կառավարության վճռականության մեջ՝ հակազդելու ռուսական ագրեսիային՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մեծ Բրիտանիայի և մեր դաշնակիցների դեմ», - ընդգծվում է նախարարության խոսնակի հայտարարության մեջ։
Պաշտոնյան հավելել է, որ Մեծ Բրիտանիան «հանձնառու է Ուկրաինային տրամադրել այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու համար»։
BBC-ն նշում է, որ խոսքը երկու տարբեր բրիտանական ընկերությունների կողմից արտադրված ԱԹՍ-ների մասին է, որոնք Ռուսաստանում օգտագործվել են ռազմական և արդյունաբերական թիրախների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին և Wildberries առցանց խանութի պահեստներին բազմաթիվ հաջող հարվածներ հասցնելու համար։
Ուկրաինան բազմիցս հարձակվել է Wildberries-ի վրա. ուկրաինական կողմի տվյալներով՝ Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը «շարքից հանվել են»։
Ռազմական աղբյուրը BBC-ին հաստատել է, որ այս հարձակումներում օգտագործվել են բրիտանական ԱԹՍ-ներ՝ ըստ որոշ տեղեկությունների պատճառելով ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգի տնտեսական վնաս։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է, որ բրիտանական բաղադրիչներով և տեխնոլոգիաներով անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների ժամանակ, այդ թվում՝ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում գտնվող նավթամբարին հարվածելիս։