Քաղաքականություն

Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում Օրբանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ վերջին ընտրական գործընթացին ակտիվ մասնակցությունը վկայում է ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի եվրոպական ապագային նրանց նվիրվածության մասին։ 

«Հունգարիան բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու զարգացող գործընկերությունը։ Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, և վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր բարեկամությունն ավելի կխորանա»,-նշել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում