Լավրովը քննադատել է Ճապոնիայի արձագանքը Կուրիլյան կղզիներ Պուտինի այցին. դեսպանը կանչվել է ԱԳՆ
3 րոպեի ընթերցում

Տոկիոն «անցել է պարկեշտության սահմանը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի վերաբերյալ «անընդունելի» հայտարարություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մեր ճապոնացի գործընկերները, հարևաններն, իհարկե, անցել են պարկեշտության սահմանը՝ իրենց միանգամայն անընդունելի հայտարարություններով այն մասին, թե Ռուսաստանի Դաշնության նախագահը չի կարող այցելել ՌԴ-ի տարածքի ցանկացած մաս», - ասել է նա Գանայի արտաքին գործերի նախարար Սեմյուել Օկուձետո Աբլակվայի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը պետք է ներկայանա Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություն՝ պարզաբանումներ տալու ինչպես ճապոնական կողմի հայտարարած բողոքի վերաբերյալ՝ կապված Իտուրուպ կղզի Պուտինի այցի հետ, այնպես էլ Մոսկվայում իր աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:
«Ամեն դեպքում, մենք պարոն դեսպանին կանչել ենք: Նա պետք է գա Արտաքին գործերի նախարարություն, և մենք կխոսենք ինչպես Ճապոնիայի ղեկավարության վարքագծի մասին՝ նախագահ Պուտինի՝ Ռուսաստանի Իտուրուպ կղզի այցի կապակցությամբ, այնպես էլ այն կապակցությամբ, թե ինչպես պետք է դեսպանը կազմակերպի իր աշխատանքն ընդունող երկրում՝ հարգել թե՛ նրա օրենքները և թե՛ այն ընթացակարգերը, որոնք օտարերկրյա դիվանագետների համար այդ երկրում, այս դեպքում՝ Ռուսաստանում, գոյություն ունեն», - ասել է նա։
Լավրովը նաև հայտնել է, որ դեսպանը չի ներկայացել ԱԳՆ։ Նրա խոսքով՝ դեսպանատունը հայտնել է, որ դեսպանը չի կարող այցելել ՌԴ ԱԳՆ ո՛չ օգոստոսի 14-ին, ո՛չ օգոստոսի 17-ինր։ Ըստ Լավրովի՝ դեսպանատնից լավ չեն բացատրել՝ արդյոք դեսպանը երկրում չէ՞, թե՞ լավ չի զգում։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի՝ ճապոնական կողմի վերաբերմունքը «զարմանք է առաջացնում»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան արշիպելագի հարավային չորս կղզիների նկատմամբ: Պուտինն օգոստոսի 13-ին այցելել էր Կուրիլյան Իտուրուպ կղզի, ինչը Տոկիոյում շատ բացասական էր ընդունվել։