Պուտինը պատրաստ է կրկին ընդունել Ուիթքոֆին և Քուշներին. Լավրով
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանյան կողմը չի հրաժարվում խոսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշների հետ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունել նրանց, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հիմք եմ ընդունում այն հանգամանքը, որ եթե նրանց նման վստահություն է ցուցաբերվում, ապա նրանք ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահի վրա, նա վստահում է նրանց։ Մենք չենք հրաժարվում խոսել նրանց հետ։ Եթե նրանք ժամանեն, նրանք գիտեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունելու իրենց հերթական անգամ։ Այլ բան է, թե ինչով կժամանեն նրանք», - ասել է նա օգոստոսի 14-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում։
Նախարարը հիշեցրել է մեկ տարի առաջ Ուիթքոֆի նախորդ այցի մասին, երբ վերջինս ռուսական կողմին էր փոխանցել ԱՄՆ նախագահի առաջարկությունները:
«Ռուսաստանի նախագահ Պուտինը դրանք քննարկման վերցրեց և ժամանելով Ալյասկա՝ ասաց. «Դոնալդ, դու մեզ առաջարկություններ ես ուղարկել, ես մտածել եմ: Կան բաներ, որոնք փոխզիջում են պահանջում: Բայց քո առաջարկություններն այն տեսքով, որով դրանք դու ինձ ուղարկել ես, ընդունում եմ»», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ դրան հաջորդել է դադար, որից հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների նկատմամբ։
Լավրովը նաև հայտարարել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդները, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին, մեկնել են Վաշինգտոն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ նրանց նպատակն էր համոզել Թրամփին հրաժարվել կարգավորման հետագա նախաձեռնություններից: