Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում վիճաբանություն է ծավալվել. ՔՊ-ն Ղազարյանից ներողություն է ակնկալում
5 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է ծավալվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը 20 րոպեով ընդմիջվել է, միջադեպը ֆիզիկական բախման չի վերածվել։
Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժամանակ։
Իր ելույթում Ղազարյանը, հիշատակելով 44-օրյա պատերազմի զոհերից մեկին՝ Աղաջան Ջանոյանին, ասել է․ «Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացում է տվել՝ նրա վարքը որակելով «ոչ կոռեկտ և ամբարտավան»։ Նա հայտարարել է, որ նման վարքի կրկնության դեպքում Ղազարյանին «դուրս են շպրտելու» դահլիճից և խորհրդարանի շենքից։ Կոնջորյանը նաև դիմել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ հորդորելով խմբակցության ներսում քննարկել Ղազարյանի վարքը։
Դրանից հետո պատգամավորների մի մասը դուրս է եկել միջանցք, որտեղ բանավեճը շարունակվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը լրագրողներին հայտնել է, որ միջանցքում քաշքշուկ կամ ֆիզիկական բախում չի եղել։
Նիստի վերսկսումից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ միջադեպի պահին դահլիճում չի եղել, ապա դիմել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
«Չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, և ուրախ եմ նաև, որ «Հայաստան» խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը, ես պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այս դահլիճում խախտվում են։ Այս 10 օրվա ընթացքում արդեն երկու անգամ վիրավորական արտահայտություն է հնչել, պարոն Կարապետյան, ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մեկը՝ անձամբ ձեր, մյուսը՝ Էդգար Ղազարյանի կողմից»,- ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ բարեկրթության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը քանդման եզրին է։
«Ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Էդգար Ղազարյանն ու նրա պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Ընդհանրապես, ես վստահ չեմ, գուցե, Էդգար Ղազարյանն ի սկզբանե պրոբլեմ է եղել այս կյանքում։ Բայց, պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,- ասել է Ռուբինյանը։
Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ երկու միջադեպերը համեմատելը տեղին չի համարում, քանի որ առաջին դեպքը լուծված է։ Նա միաժամանակ նշել է, որ մասամբ կիսում է Ղազարյանի արտահայտության վերաբերյալ իշխանական պատգամավորների մտահոգությունը։
«Բոլորս համբերատար ենք, բոլորս գիտենք, որ չենք ուզում մեր հասարակության աչքին ցույց տալ այն, ինչից հետո կամաչենք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասածին, որպեսզի արդար լինենք, ես որոշ չափով կիսում եմ, մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը։ Խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվեն հետագա քայլերը, որոնց մասին ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Կարապետյանը։
Ռուբինյանի խնդրանքով Կարապետյանը նաև ներկայացրել է Ղազարյանի արտահայտության վերաբերյալ իր անձնական գնահատականը։
«Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»,- ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Ռուբինյանը ողջունել է այդ գնահատականը և հայտարարել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակնկալում է Ղազարյանի ներողությունը։
«Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասում այս Ազգային ժողովի դահլիճում։ Եվ ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց՝ չգիտեմ, քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»,- ասել է ԱԺ նախագահը՝ եզրափակելով միջադեպի քննարկումը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ղազարյանի վարքի վերաբերյալ իր հետագա քայլերը նախատեսում է քննարկել խմբակցության նիստում։