HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին
3 րոպեի ընթերցում

Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Աֆղանստանում «Թալիբան»-ի կողմից ձերբակալված ՄԱԿ-ի երկու աշխատակիցների և Կանանց ու երեխաների իրավական հետազոտությունների հիմնադրամի (WCLRF) վեց աշխատակիցների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
HRW-ն հայտնել է, որ հիմնադրամի վեց տղամարդ աշխատակիցներ անցյալ ամիս «բռնի կերպով անհետացել են» Քաբուլում կազմակերպության գրասենյակից։ HRW-ի տվյալներով՝ կազմակերպությունը զբաղվում է օգնության ծրագրերով և կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությամբ։ Human Rights Watch-ը հայտնել է, որ տղամարդկանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի, առողջության կամ նրանց դեմ մեղադրանքների մասին։
Առանձին դեպքով Human Rights Watch-ը նաև կոչ է արել ազատ արձակել ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցության առաքելության (UNAMA) երկու աֆղան աշխատակիցների, որոնք կիրակի օրը ձերբակալվել են «Թալիբան»-ի հետախուզության աշխատակիցների կողմից արևմտյան Հերաթ քաղաքում։
«Թալիբան»-ի կառավարության գլխավոր խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը Reuters-ին հայտնել է, որ փորձում է «մանրամասներ հավաքել» վերջին ձերբակալությունների վերաբերյալ, սակայն «վերջնական հստակություն» դեռ չի ստացել։
ՄԱԿ-ը այս շաբաթվա սկզբին հաստատել էր իր երկու աշխատակիցների ձերբակալությունը։ «UNAMA-ին նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասին տեղեկություն չի տրամադրվել, առաքելությանը թույլ չի տրվել այցելել նրանց», — ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը։
Որպես ՄԱԿ-ի առաքելություն Աֆղանստանում՝ UNAMA-ն զբաղվում է մարդու իրավունքների մշտադիտարկմամբ և տվյալների հավաքագրմամբ։ Նախկինում «Թալիբան»-ի կառավարությունը հաճախ քննադատել է առաքելության զեկույցները։
Ձերբակալությունների մասին հայտնի դարձավ «Թալիբան»-ի իշխանության վերադառնալու հինգերորդ տարեդարձի տոնակատարությունից ընդամենը մի քանի օր առաջ։
Աֆղանստանը շարունակում է կախված մնալ միջազգային օգնությունից, որի ծավալները վերջին տարիներին զգալիորեն նվազել են՝ արտաքին օգնության ավելի լայնածավալ կրճատումների պատճառով։ Միևնույն ժամանակ, օգնություն տրամադրող կազմակերպությունները պարբերաբար մեղադրում են «Թալիբան»-ին իրենց աշխատանքը խոչընդոտելու և Աֆղանստանին տրամադրվող ֆինանսական աջակցության հարցում դոնորների պատրաստակամությունը թուլացնելու մեջ։