Վաճառեք մեզ ամերիկյան Patriot-ների 10 տոկոսը, և Ուկրաինան կոչնչացնի ռուսական բոլոր հրթիռները. Զելենսկիի հարցազրույցը CNN-ին
4 րոպեի ընթերցում
Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ընդամենը մեկ տասներորդը այն հակահրթիռային միջոցների, որոնք շտապ անհրաժեշտ են ռուսական բալիստիկ հրթիռների հաճախակի դարձած հարձակումները կասեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ իր օրերն անցնում են «միլիոնավոր» հեռախոսազանգեր և դաշնակիցների հետ լրացուցիչ հրթիռներ ստանալու նպատակով գործարքների շուրջ բանակցություններ անցկացնելով։
«Այս տարի մենք երկուսուկես անգամ ավելի քիչ հակահրթիռային միջոցներ ունենք, քան 2025 թվականին։ Ռուսաստանը ամսական երկու անգամ ավելի շատ բալիստիկ հրթիռ է արձակում, քան նախկինում։ Ամեն գիշեր հարձակումներ են լինում, իսկ ամսական չորս կամ հինգ անգամ՝ զանգվածային հարձակումներ․․․ սարսափելի գիշերներ են։ Մարդիկ իսկապես հերոսաբար են տրամադրված, դիմացկուն են, բայց նրանք հոգնել են », - ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ն «մեզ վաճառի 5 տոկոսը, մենք կանցկացնենք ձմեռը և կփրկենք մարդկանց կյանքերը։ Եթե նրանք կարողանան վաճառել 10 տոկոսը, մենք կոչնչացնենք ռուսական բոլոր բալիստիկ հրթիռները։ Իմ տիրապետության տակ է միայն 1 տոկոսը»։
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել հակահրթիռային համակարգերի լրացուցիչ մատակարարումներ ապահովելու իր ամենօրյա անձնական ջանքերի մասին։
«Սա է այն, ինչով ես ապրում եմ ամեն օր՝ 1 տոկոսից մինչև 5 տոկոս։ Ես ունեմ մի քանի ամիս և միլիոնավոր հեռախոսազանգեր, որոնք պետք է անեմ․․․ փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների դիմաց․․․ անում եմ որոշ բաներ, որոնց մասին նույնիսկ չեմ կարող խոսել։ Դա չի նշանակում, որ դրանք օրենքից դուրս են, բայց ես չեմ կարող դրանց մասին խոսել», — ասել է նա։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ կտա Ուկրաինային արտոնագիր ստանալ՝ բարդ կառուցվածք ունեցող այդ հակահրթիռային միջոցները սեփական տարածքում արտադրելու համար, սակայն մի քանի օր անց ասել էր, որ վստահ չէ այդ գաղափարի հարցում։
Զելենսկին նշել է, որ Սպիտակ տանը դիմում է ինչպես անմիջականորեն՝ զանգերի և հաղորդագրությունների միջոցով, այնպես էլ դաշնակիցների միջոցով՝ Patriot համակարգերի ամերիկյան աջակցությունն ավելացնելու խնդրանքով։ Միևնույն ժամանակ, նա խուսափել է Թրամփի վարչակազմի հետ վերջին շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուց։
Նա հաստատել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել այն մասին, թե արդյոք, ինչպես հայտնել էր Financial Times-ը, Վենսը խնդրել էր Ուկրաինային դադարեցնել Սև ծովում ռուսական նավթային նավահանգստի վրա հարձակումները, որոնք վնաս էին հասցնում ամերիկյան ընկերություններին և բացասաբար էին ազդում համաշխարհային էներգակիրների գների վրա։
«Մենք պետք է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն ունենանք խաղաղության ծրագրում։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփի թիմին․․․ սակայն Պուտինը հիմա չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը, և նրա նկատմամբ ճնշումը բավարար չէ»։
Նա նաև մերժել է գաղափարը, որ Ուկրաինան պետք է զիջի Դոնբասում մնացած տարածքները, որոնք Պուտինը ձգտում է գրավել՝ ընդգծելով, որ Կիևի համար անվտանգության երաշխիքները շարունակում են առանցքային նշանակություն ունենալ։
Զելենսկին նաև նշել է, որ համաձայն է արևմտյան որոշ գնահատականների հետ, ըստ որոնց՝ Պուտինը կարող է ձգտել ընդլայնել պատերազմը՝ այն ուղղելով ՆԱՏՕ-ի դեմ և, հնարավոր է, հարձակվելով ՆԱՏՕ-ի անդամ փոքր պետությունների՝ Բալթյան երկրների վրա։