3 րոպեի ընթերցում
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է ակտիվացնել ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով հանձնաժողովի աշխատանքը տապալելու մտադրության մասին կարծիքներին։
«Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային գործընթացը և հանրությանը ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիայի ենք ձգտում։ Իրական դիվերսիֆիկացիան նշանակում է Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատելու ենք, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ այն պնդումը, թե մենք միայն մեկ կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակից ենք, սխալ է։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է մի քանի գործընկեր ունենա, որպեսզի տնտեսությունը կայուն լինի։ Այդ պատճառով կտեսնեք, թե ինչ տեմպով ենք աշխատելու այդ հանձնաժողովում»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուն արդեն որոշված է, սակայն անունն առայժմ չի հրապարակվի։
«Այս պահի դրությամբ չենք ասի։ Ամենայն հավանականությամբ, վաղն է լինելու, և վաղը ձեզ կներկայացնեմ»,- նշեց խմբակցության ղեկավարը։
Պատասխանելով հանձնաժողովի ընտրության մարտավարության վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը կարևորեց դրա անդամների մասնագիտական փորձի օգտագործումը նաև եվրոպական հարթակներում Հայաստանի ազգային հարցերն առաջ մղելու համար։
«Հանձնաժողովի անդամների ինստիտուցիոնալ աշխատանքի փորձը և ներկայությունը պետք է օգնեն նաև եվրոպական հարթակներում մեր ազգային հարցերն առաջ մղելուն։ Պետք են մարդիկ, որոնք պատրաստ են ամենօրյա աշխատանք կատարել և վերջապես ակտիվացնել հանձնաժողովը։
Մենք ասում ենք, որ երկիրը եվրոպամետ ուղղություն ունի, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպական լավ ինստիտուտները չենք վերցնում։ Վերցնում ենք միայն անունը, բրենդը, մարքեթինգը, բայց չենք վերցնում կարևոր բաղադրիչները, օրինակ, դատական իշխանության անկախությունը, քաղաքացիական հասարակության պաշտպանությունն ու ձևավորումը»,- ասաց Կարապետյանը։
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրել է նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։