2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 12-ի գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը երկրի մարզերի և Սև ծովի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 502 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կրասնոդարի նահանգապետը հայտնել է, որ երկրամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 2 զոհ, մի քանի վիրավոր։ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ գիշերը Կրասնոդարի շրջանները հարձակման են ենթարկվել «Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքերի» կողմից. Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են 21 բնակելի շենքերի և չորս ձեռնարկությունների վրա։ Զոհվել է 8-ամյա երեխա, ևս ութ մարդ վիրավորվել է։
Տեղեկություններ են հաղորդվել, որ Նովոռոսիյսկի վրա հարձակման հետևանքով վնասվել են սառը ջրի մատակարարման հիմնական խողովակաշարերը։
Նահանգապետը նաև հայտնել է, որ Տեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում բեկորներն ընկել են մասնավոր տան բակում։ Մեկ մարդ զոհվել է։
Բացի այդ, Անապայում և Գելենջիկում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ RBK-Ukraine-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ի առավոտյան Կիևում պայթյուններ են լսվել, օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Պայթյուններ են լսվել նաև արվարձաններում, մասնավորապես՝ Բրովարիում։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա արձակել է կառավարվող հրթիռներ, բալիստիկ հրթիռներ և հարյուրից ավելի անօդաչու թռչող սարք։
Խերսոնի իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել։
Բացի այդ, հարձակման է ենթարկվել Զապորոժիեում գտնվող առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Հարձակման հետևանքով Զապորոժիեի շրջաններից մեկում մոտ 1200 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։