Սևան համայնքը «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ին մասնակցել է 33 միջոցառմամբ

3 րոպեի ընթերցում

Երևանում  տեղի է  ունեցել  Հայաստանում «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ի մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակակիր առաջատարների շարքում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ի թիվս հանրապետության 11 համայնքի, մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Սևան համայնքը, որն արդեն 6-րդ տարին է միանում նախաձեռնությանը և տարեցտարի ավելացնում է միջոցառումների թիվը՝ դրանց հաղորդելով նոր բովանդակություն և ուղղություններ, որոնց ներգրավվել են նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, անհատներ:

Սևան համայնքը «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ին մասնակցել է 33 միջոցառմամբ։

Միջոցառումներին զուգահեռ համայնքը մասնակցել է նաև տարբեր անվանակարգերում հայտարարված մրցույթներին, գրանցել էական հաջողություններ, իսկ լավագույններն էլ ներկայացվել են ազգային մրցանակաբաշխությանը:

2026-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան մասնակցել է 14 համայնք, որտեղ կազմակերպվել են 207 միջոցառումներ՝ ապահովելով 12600 անձի մասնակցություն։

 «Դպրոցների էներգախնայողության մարտահրավեր» միջդպրոցական մրցույթի հաղթող է ճանաչվել Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը (նախագծի համակարգող՝ Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Քարամյան):

«Կանաչ էներգիա և կայուն զարգացում» խորագրով որմնանկարների մրցույթում լավագույններից էր «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզը  (տնօրենի ժ/պ՝ Ռոզա Խաչատրյան, որմնանկարի հեղինակ՝ Լուսաբեր Միքայելյան) :

Համայնքներում կանաչ և կայուն զարգացման վերաբերյալ բնակիչների իրազեկության բարձրացմանը և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար «Քաղաքապետերի դաշնագիր՝ արևելք» ծրագրի կողմից պարգևատրվել են  նաև «Կայուն էներգիայի օրերի» լավագույն կազմակերպիչները՝ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը և աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետ Նարինե Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան              

Հայերեն