Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Վիլեն Գաբրիելյանի՝ ընդդիմության հետ աշխատելու պատրաստակամությունը
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանի ելույթն ու ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն այս մասին ասել է Ազգային ժողովում Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ։
«Պարոն Գաբրիելյանի խոսքը մենք լսեցինք, բավական հավասարակշիռ էր, և մենք տեսնում ենք, որ մարդը պատրաստ է աշխատել լավ գաղափարներով ընդդիմության հետ։ Քանի որ խոսքը պաշտպանության ոլորտի մասին է, մենք տեսնում ենք, որ կարող են համագործակցության դրական հնարավորություններ ստեղծվել»,- ասել է Կարապետյանը։
Ավելի վաղ իր ելույթում Գաբրիելյանը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում պատրաստ է ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած խնդիրների շուրջ համատեղ աշխատել և դրանց լուծումներ գտնել։ Նա ընդգծել էր, որ չի պատրաստվում ընդդիմության հարցադրումներին արձագանքել նախկին իշխանությունների ժամանակահատվածը հիշեցնելով։
Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։