Վիլեն Գաբրիելյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է ազատ թողնել իր թեկնածության քվեարկությունը
3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է քննարկել իր թեկնածության քվեարկությունն ազատ թողնելու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գաբրիելյանն այս մասին ասել է Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներին։
Նա ենթադրել է, որ ընդդիմադիր խմբակցությունները կարող են քաղաքական որոշում ունենալ իր թեկնածությանը կողմ չքվեարկելու վերաբերյալ, սակայն նշել է, որ նրանց շարքերում կարող են լինել պատգամավորներ, որոնք անձնապես կցանկանան աջակցել իր թեկնածությանը։
«Ես ձեզ առաջարկում եմ, որ, քանի որ գիտեմ՝ ձեր մեջ կան մարդիկ, որոնք անձնապես կուզեն ինձ ընտրել, և քաղաքական որոշման պարագայում կարող է որոշակի անհարմարություն լինել, գուցե, քննարկեք ազատ թողնել քվեարկությունը»,- ասել է Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր լրացուցիչ կողմ ձայն իր համար ոչ թե լեգիտիմության ավելացման կամ նվազեցման հարց է, այլ հավելյալ պարտավորություն՝ աշխատանքն առավել արդյունավետ կատարելու համար։
Գաբրիելյանը նաև ներկայացրել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ընդդիմության հետ աշխատանքի իր պատկերացումը։ Նա ընդգծել է, որ մտադիր չէ ընդդիմության բարձրացրած խնդիրներին պատասխանել՝ հիշեցնելով նախկին իշխանությունների ժամանակահատվածը։
«Ես թույլ չեմ տալու, որ Ազգային ժողովի ամբիոնից, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և այդքանով համարեն իրենց առաքելությունն ավարտված։ Ճիշտ մատնանշված խնդրի պարագայում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է Գաբրիելյանը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր պատգամավորներից նույնպես ակնկալելու է ներկայացնել խնդիրների լուծման առաջարկներ և մասնակցել դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքին։
Գաբրիելյանի խոսքով՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի առավել խորքային հարցերի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն արդեն հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։