ԱԺ-ում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
«Նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։ Հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվում է վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ 2-ին՝ «Հայաստան» խմբակցությանը»,-ասաց նա։
Ջուլհակյանի խոսքով՝ առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
«Նախագծով սահմանվում է նաև հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի նշանակման իրավունքի պարբերական փոխանցում խմբակցությունների միջև։ Այսպես, առաջին վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Երկրորդ վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալին՝ «Հայաստան» խմբակցությանը։
Երրորդ վեց ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահվելու է «Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,-նշեց նա։
Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ հանձնաժողովը նախատեսվում է ստեղծել երկու տարով, սակայն դրա գործունեության ժամկետը հետագայում կարող է երկարաձգվել։
«Հանձնաժողովը ստեղծվելու է երկու տարով, բայց երկու տարվա ավարտից հետո, բնականաբար, մենք առաջարկում ենք ևս երկու տարով ստեղծել, ապա ևս մեկ տարով։ Մեր խորհրդարանում ներգրավված բոլոր խմբակցությունների քաղաքական կամքից է կախված, թե այս հանձնաժողովն ինչպես կաշխատի»,- ասաց Ջուլհակյանը։
Որոշման նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով: