ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում
3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Մասնակցել են ուժային կառույցների և իրավապահ մարմինների ավելի քան 280 ներկայացուցիչ:
Բանակային խաղերի ծրագրում ներառված էին ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, «ԱԿ-103» ինքնաձիգով, «ՊՄ» ատրճանակով և «ԴԴ» հրացանով հրաձգություն մարզաձևերը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարգևատրել է «ՊՄ» ատրճանակով հրաձգություն մարզաձևում մրցանակային տարբեր տեղեր զբաղեցրած կանանց և տղամարդկանց թիմերին։
Անհատական մրցապայքարում և տարբեր մրցաձևերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ՆԳՆ աշխատակիցները արժանացել են մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքների։
«ԴԴ» հրացանով հրաձգություն մարզաձևում առաջին տեղերն են զբաղեցրել Հովհաննես Խաչատրյանը և Ալիսա Ազարյանը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդներ և գրանցելով այս մարզաձևում խաղերի պատմության ամենաբարձր արդյունքները։ Դավիթ Սիլանյանն այս մարզաձևում գրավել է երկրորդ տեղը։
«ՊՄ» ատրճանակով հրաձգություն մարզաձևում Քրիստինե Թորոսյանը և Մարինե Այվազյանը զբաղեցրել են երկրորդ տեղերը։ Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևում Մելինե Զաքարյանն զբաղեցրել է երրորդ տեղը։
Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ, պետական կառույցների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է խաղերի մասնակիցներին և մրցանակակիրներին՝ կարևորելով նման միջոցառումների անցկացումը։
4-րդ բանակային խաղերը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։
«Շնորհավորում ենք Ներքին գործերի նախարարության թիմին և 4-րդ բանակային խաղերի բոլոր մրցանակակիրներին`մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։