Ղազախստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
2 րոպեի ընթերցում

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Իր ուղերձում Երմեկ Կոշերբաևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդներին երկար դարեր կապող բարեկամական ամուր կապերի, ինչպես նաև երկու երկրների առաջնորդների միջև առկա փոխըմբռնման ու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ նրանց միջև առկա ռազմավարական գործընկերությունը հետագայում էլ կամրապնդվի բոլոր ուղղություններով։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։
Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում: